Բարև Ձեզ Հայաստան

Ուզում եմ այս հարթակն օգտագործել, որպեսզի մարդիկ ինձ ավելի լավ ճանաչեն ու իմանան իմ խոհերն ու մտորումները տարաբնույթ հարցերի շուրջ, որոնք երբեմն նաև ավանդական դիվանագիտության համատեքստից դուրս են: Հուսով եմ, որ իմ գրառումները կօգնեն նաև ավելին իմանալ Միացյալ Նահանգների մասին և չկարծեք թե խոսելու եմ միայն մեր կառավարության մասին. կխոսեմ նաև բիզնեսի և, անշուշտ, մեր ժողովրդի մասին: Ես նաև անդրադարձ կկատարեմ շրջակա միջավայրի պահպանության, մտավոր սեփականության, մշակութային և այլ հարցերի:

Նախ՝ խոսեմ իմ մասին: Իմ անցած մասնագիտական ճանապարհի մասին կարող եք կարդալ իմ կենսագրականում, բայց կուզենայի ձեզ որոշ բաներ պատմել, որոնք այդ պաշտոնական տվյալներում տեղ չեն գտել: Երևի արժե սկսել իմ ծննդավայրից. ես ծնվել ու հասակ եմ առել Օհայո նահանգի Բարբերտոն քաղաքում: Ինձ համար քաղաքի ամենասիրված վայրերից մեկը Լեյք Անա զբոսայգին էր: Հայերի նման մենք էլ կարևորում ենք կանաչ գոտիների առկայությունը մեր բնակավայրերում: Բարբերտոնի հենց սրտում էր գտնվում Լեյք Անա զբոսայգին, ուր մարդիկ գալիս էին մասնակցելու համայնքային տարբեր միջոցառումների կամ էլ պարզապես անշտապ ճեմելու համար, հատկապես այն ժամանակ, երբ ծաղկում էին բալենիները: Ահա մի լուսանկար իմ հայրենի քաղաքից, որը կարծում եմ համահունչ է երևանյան գեղեցիկ գարնան հետ:

This image has an empty alt attribute; its file name is lake-anna-park-1.jpg
Ծաղկած բալենիներ Լեյք Անա զբոսայգում

Հայաստանն ինձ շատ է դուր գալիս: Անցյալ շաբաթ հանգստյան օրերին դեսպանատան մի շարք գործընկերների հետ գինու համտեսի էինք գնացել: Ուրախալի էր իմանալ, թե հայկական գինիներն ինչպես են իրենց արժանի տեղը գտել տեղական ու միջազգային շուկաներում և, իհարկե, ճաշակել գինին՝ անձամբ համոզվելու թե ինչ է առաջարկում հայկական գինեգործությունը: Հաջորդը, թերևս, խորովածի համտեսն է:



ԱՄՆ պետքարտուղարությունն ունի մի ծառայություն, որը նորանշանակ դեսպանների համար պատրաստում է տեսանյութ, որով նրանք ներկայանում են դեսպանընկալ երկրի ժողովրդին: Գերազանց տեսանյութեր են պատրաստում, բայց ես նախընտրեցի հայ ժողովրդին ուղղված իմ տեսաուղերձը պատրաստել Հայաստանում: Անչափ շնորհակալ եմ հայաստանյան հեռուստաընկերությանը, որը պատրաստեց տեսահոլովակը՝ նկարահանումներ կատարելով Երևանի տարբեր վայրերում: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Հաճելի էր բացահայտել Երևանը՝ աշխատելով արհեստավարժ նկարահանող խմբի հետ: «Կադրից դուրս» որոշ դրվագներ եմ ուզում ներկայացնել, որպեսզի պարզ դառնա, թե ինչ հաճելի մթնոլորտ էր տիրում: Նկարահանման ժամանակ նաև շատ բան սովորեցի Հայաստանի պատմության և մշակույթի մասին:

Հուսով եմ կհետևեք իմ բլոգին, որպեսզի ավելին իմանաք անձամբ իմ և Միացյալ Նահանգների մշակույթի ու արժեքների մասին: Մեր երկիրը շատ բազմազան է, և հուսով եմ, որ կկարողանամ դա ներկայացնել ձեզ: Եթե կան հարցեր կամ թեմաներ, որոնց կուզենայիք ես այստեղ անդրադառնայի, ապա ներկայացրեք ձեր առաջարկները մեկնաբանություններում: Իսկ Հայաստանում իմ աշխատանքի և գործունեության մասին մանրամասների համար կարող եք հետևել ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջին:

Comments

  1. Ավադիս Ջանիաշյան

    Your Excellency,
    First I would like to congratulate you with real American spirit, to come into immediate contact with the Nations individuals. For me, as I grew up in Lebanon absorbing american values mostly through movies and serials I watched on TV, and always had admiration and respect to your beloved country.
    My dichotomy has been the fact that, somehow the favorable US policy towards Turkey and Pakistan (a country that does not accept Armenia as independent country) does not agree with Armenia. Tomorrow being April 24th, US is one of the developed countries that so far did not accept the day as genocide day, Israel whenever in conflict with Turkey uses the genocide as blackmail card against Turkey, so on an so forth. I would very much love to hear your sincere comments on those points.
    Thank you and welcome
    Avadis

  2. Լուսինե

    Բարև Ձեզ, ուրախ եմ Ձեզ տեսնել իմ երկրում։ Դեսպանատունն ունի՞ անվճար ուսումնական ծրագիր, որի շնորհիվ շատ խելացի ու շնորհալի երիտասարդներ կկարողանան անվճար ուսանել ԱՄՆ պետական համալսարաններից մեկը, եթե չունի, կուզենայի նման ծրագրեր իրականացնեք, որպեսզի այդ երիտասարդները դառնան պրոֆեսիոնալ մասնագետներ։ Այս թեմայի շուրջ կուզենայի լսել Ձեր տեսակետը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով