Ապրիլի 26-ին նշվում է Մտավոր սեփականության համաշխարհային օրը: Սա այն օրն է, երբ մեր ուշադրությունը բևեռում ենք նորամուծություններին և մեր կյանքում դրանց ունեցած հսկայական ազդեցությանը: Հայաստանում ես արդեն առիթ եմ ունեցել տեսնել հայ ժողովրդի հնարամիտ ու ստեղծարար մտքի արգասիքները: Վերջերս առաջին անգամ մասնակցեցի հեքաթոնի, որտեղ հայ երիտասարդների հանճարեղ գաղափարների տեխնիկական լուծումների ականատեսը դարձա, որոնց միջոցով նրանք նորարարական մոտեցումներ էին առաջարկում՝ օգնելու կառավարման թափանցիկության, արդյունավետության ու հաշվետվողականության մեծացմանը:
Հայերը աշխարհի մտավոր կապիտալի շտեմարանում ուշագրավ ու նշանակալի ներդրումներ ունեն՝ սկսած կտրուկ շրջադարձ ապահովող ապագայի տեխնոլոգիաների մշակումից մինչև բջջային հավելվածների մշակում՝ մեր կյանքն առավել հարմարավետ դարձնելու ու աշխարհն իրենց պատկերացումների և երևակայության միջոցով առավել հարստացնելու նպատակով:

Հայաստանի ստեղծագործ մտքի տեր գյուտարարներն ու նորարարները այսօր գնում են ժամանակակից կյանքում մեծ ներդրում ունեցած հայազգի բազում առաջամարտիկների հետքերով: Հայերը մեզ ավելի լիարժեք ու առողջ ապրելու ճանապարհ են հարթել՝ հայտնագործելով մագնիսա-ռեզոնանսային և պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիան: Հայերը ստեղծել են գունավոր հեռուստացույցը, ավտոմատ գանձման մեքենան (բանկոմատը), ամերիկյան դոլարի տպագրության համար կիրառվող կանաչ թանաքը, որոնք փոխել են մարդկանց պատկերացումները հեռուստատեսային ժամանցի, գումարի շրջանառության և այլ հարցերի վերաբերյալ: Վաֆլե բաժակների հեղինակը ևս հայ է եղել, և այսօր այդ պարզ վայելքը ուրախություն է պարգևում շատ ու շատ մարդկանց: Եվ, անշուշտ, բազմաթիվ են այն գեղեցիկ գրական, երաժշտական ստեղծագործությունները, նկարչական և արվեստի այլ գործերը, որոնք ստեղծվել են դարերի ընթացքում: Այս բոլոր գյուտերն ու ստեղծագործությունները մտավոր սեփականության մաս են կազմում:
Ուղղակի նշեցի մի քանի օրինակ, որոնք հստակ ցույց են տալիս, որ մտավոր սեփականությունը մեր կյանքի անբաժանելի մասն է, և մտավոր սեփականության պաշտպանությունը խիստ էական է ցանկացած երկրի տնտեսական մրցունակության համար: Հեղինակային իրավունքը, ապրանքային նշանները և արտոնագրումը մի քանիսն են այն գործիքներից, որոնք գողությունից պաշտպանում են գյուտարարների, ստեղծագործողների ու նորարարաների մտքի արգասիքը: Երբ երկիրն ամրապնդում է մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը երկրի ներսում և երկրից դուրս, դա խթան է հետագա նորարարությունների համար, որոնք էլ իրենց հերթին տնտեսական աճի շարժիչ ուժն են:

Միացյալ Նահանգները խիստ հետևողական է մեր ընկերությունների մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և նորարարների,գյուտարարների ու ձեռներեցների համար հավասար խաղի պայմանների ապահովման հարցում: Միացյալ Նահանգներում մտավոր սեփականությունը ծանրակշիռ տեղ ունի բիզնեսում: Որոշ հաշվարկների համաձայն ԱՄՆ համախառն ներքին արդյունքի մեկ երրորդը ձևավորվում է մտավոր սեփականության տիրույթում, և այստեղ կան նաև տասնյակ միլիոնների հասնող աշխատատեղեր: Մտավոր սեփականության գողության պարագայում վնասները նշանակալի են: Մտավոր սեփականության գողության հետևանքով ԱՄՆ տնտեսության կրած վնասները տարեկան կազմում են հարյուրավոր միլիարդ դոլարներ: Մտավոր սեփականության գողության դեմ պայքարը նշանակում է պաշտպանել աշխատատեղերը, նպաստել բազմազանեցված ու դիմակայուն տնտեսության շարունակական աճին, և ապահովել նորարարությունների ոլորտում Միացյալ Նահանգների առաջատար դիրքերը: Մտավոր սեփականության իրավունքները կարևոր են ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ ցանկացած երկրի, այդ թվում՝ Հայաստանի համար: Այսօր Հայաստանում նորարարական ու ստեղծագործ գաղափարներ են ծնվում ու իրագործվում, ուստի տնտեսական հաջողության հավասարման մեջ մտավոր սեփականության իրավունքներին վերապահված է շատ մեծ կշիռ:

Այսօր, երբ նշում ենք Մտավոր սեփականության համաշխարհային օրը, եկեք արժանին մատուցենք ամերիկացիների, հայերի ստեղծարար ոգուն և այն հետագծին, որ նրանք թողել են մեր աշխարհում իրենց հնարագիտության ու ստեղծարարության շնորհիվ: Եվ որպեսզի նրանց խոստումնալի գաղափարների արգասիքները այսուհետ ևս կարողանանք վայելել, եկեք ճանաչենք մտավոր սեփականության իրավունքները և միասին աշխատենք դրանց պաշտպանության ուղղությամբ: