Ձգտենք խաղաղության՝ հարգելով զոհվածների հիշատակը

Միացյալ Նահանգներում մայիս ամսվա վերջին երկուշաբթի օրը նշվում է որպես Հիշատակի օր: Այս օրն ԱՄՆ-ում շատերն անցկացնում են բնության գրկում՝ ընկերների և ընտանիքի անդամների հետ, շատ քաղաքներում օրը նշանավորվում է գեղեցիկ շքերթով, սակայն ինչպես էլ որ նշենք այն, օրվա խորհուրդը հիշատակի տուրքի մատուցումն է այն տղամարդկանց ու կանանց, ովքեր զոհվել են ծառայելով Միացյալ Նահանգներին:

Հիշատակի օրը նշվում է 1868թ.-ից՝ ամերիկյան քաղաքացիական պատերազմի ավարտից սկսած, որին զոհ գնացին 620.000 զինվորներ: Սկզբում այն կոչվում էր Խոնարհման օր, քանի որ այդ օրը մարդիկ ծաղիկներ էին խոնարհում զոհվածների շիրմաքարերին: Ծաղիկներ խոնարհելու ավանդույթը շարունակվում է մինչ օրս: Հիշում եմ՝ տատս ամեն տարի Հիշատակի օրվա նախօրեին այցելում էր իր ծնողների ու ընտանիքի մյուս անդամների գերեզմաններ: Եվ նա միակը չէր: Հարյուրավոր կամավորներ ամեն տարի մայրաքաղաք Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Արլինգտոնի ազգային գերեզմանոցում, ուր հանգչում են ծառայություն կատարելիս զոհվածները, ամերիկյան դրոշն են տեղադրում նրանց գերեզմանին և ծաղիկ խոնարհում:

Մարտադաշտում ընկածներին հիշատակի տուրք մատուցելուց զատ մենք նաև խորհրդածում ենք, թե հանուն ինչի էին պայքարում այդ քաջարի մարդիկ: Միացյալ Նահանգների սահմանադրությամբ ամրագրված հիմնարար սկզբունքներից մեկը «առավել կատարյալ միություն ձևավորելու» ձգտումն է: Այս նպատակի ուղղությամբ առաջընթացը սովորաբար դանդաղ տեմպերով է ընթանում, և Միացյալ Նահանգների բոլոր նախագահները փորձել են առաջ տանել երկիրը՝ կատարելության այս իդեալի ուղղությամբ: Բայց կան առաջնորդներ, ովքեր աչքի են ընկնում հեռատեսությամբ և պատմության քառուղիներում ճիշտ կողմնորոշվելու և երկիրը առաջ մղելու արտակարգ կարողություններով: Նախագահ Աբրահամ Լինքոլնը, ով նախագահում էր քաղաքացիական պատերազմի տարիներին, հենց այդպիսի մի առաջնորդ էր, ում համբավի ու ձեռքբերումների մասին լուրերը տարածվել էին Միացյալ Նահանգների սահմաններից դուրս: Եվ դա այն ժամանակներում էր, երբ, ի տարբերություն մեր ժամանակների, չկային հաղորդակցության  մեծ հնարավորություններ և մի ամբողջ հարյուրամյակ էր անցնելու մինչև ի հայտ կգար ֆեյսբուքը, որը թույլ է տալիս ապահովել տեղեկությունների ակնթարթային փոխանցում: Այժմ ես ընթերցում եմ ամերիկացի պատմաբան Դորիս Կիրնս Գուդվինի «Առաջնորդումն անհանգիստ ժամանակներում» (Leadership in Turbulent Times) գիրքը: Oրերս հեղինակը բավականին մեծ լսարանի առաջ ներկայացնում էր գիրքը և անդրադարձ կատարեց նախագահ Լինքոլնի հետ կապված մի դրվագի, որը  շատ տպավորիչ էր և կուզենամ ներկայացնել ձեզ:

Աբրահամ Լինկոլն

Այդ դրվագը տեղ է գտել Լև Տոլստոյի հիշողություններում, որտեղ նա պատմում էր, որ 1900-ականների սկզբներին, երբ ճանապարհորդել է Կովկասյան լեռներում, մի հեռավոր գյուղում չերքեզների առաջնորդը նրան խնդրել է իր համագյուղացիներին պատմել աշխարհի մեծ առաջնորդների մասին: Տոլստոյը նրանց պատմել է Նապոլեոնի, ռուսական ցարերի ու մեծ ռազմական առաջնորդների մասին: Երբ նա խոսքն ավարտել է, չերքեզների առաջնորդը հիասթափություն է հայտնել, որ նա չի խոսել «աշխարհի մեծագույն գեներալի ու մեծագույն առաջնորդի ու պետական գործչի՝ Աբրահամ Լինքոլնի մասին»: Տոլստոյն ապշած էր, որ այս գյուղում, որը Միացյալ Նահանգներից աշխարհի չափ հեռու էր, չերքեզները լսել էին նախագահ Լինքոլնի մասին ու հիանում էին նրանով: Ապա Տոլստոյը նշում է, որ Լինքոլնի հանդեպ այդօրինակ մեծ հարգանքը պայմանավորված էր ոչ թե նրա ռազմական ու քաղաքական ձեռքբերումներով, այլ նրա խառնվածքով ու բնավորությամբ, քանի որ նա իրական մարդասեր էր և հանուն մարդկության  բարօրության ձեռք էր մեկնում իր թշնամիներին: Նախագահության երկրորդ շրջանի երդմնակալության իր ելույթի ժամանակ, երբ Քաղաքացիական պատերազմը դեռ շարունակվում էր, նա նշեց, որ իր միակ նպատակը «մեր մեջ տևական խաղաղության հասնելն է» և կոչը որ հնչեցրեց՝ թշնամուն պարտության մատնելը չէր, այլ «չարակամություն չդրսևորել ոչ մեկի նկատմամբ» և «բարեգութ լինել բոլորի հանդեպ»:

Այսօր, երբ նշում ենք Հիշատակի օրը, մենք բոլորս ձգտում ենք լինել նախագահ Լինքոլնի նման մարդասեր, կարեկից և արդարամիտ: Եվ թող բոլորս կարողանանք ձևավորել ու գործի դնել թշնամիների հետ լեզու գտնելու մեր որակները՝ ի շահ խաղաղության և դրա պահպանության:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով