Շնորհավորանք ԱՄՆ Անկախության օրվա առթիվ

Ինչպես գիտեք, Հուլիսի 4-ը Միացյալ Նահանգներում առանձնահատուկ օր է: 1776թ.-ին այս օրը նշանավորվեց Միացյալ Նահանգների անկախության հռչակմամբ: Դուրս գալով Անգլիայի տիրապետության տակից՝ մենք մի նոր ուղի բռնեցինք, որը մեզ տանում էր դեպի այնպիսի կառավարության ձևավորում, որը կազմված էր ժողովրդի ներկայացուցիչներից, ձևավորված էր ժողովրդի կողմից և գործում էր ի շահ ժողովրդի:

Այս տողերը գրելիս ես գտնվում եմ իմ հայրենի նահանգում՝ Օհայոյում, ու թեպետ հաճելի է Անկախության տոնը նշել ընտանիքի ու հարազատների հետ, սակայն շատ եմ ափսոսում, որ ներկա չէի ԱՄՆ դեսպանատան կազմակերպած հուլիսչորսյան միջոցառմանը և չնշեցի տոնը մեր հայ բարեկամների ու գործընկերների հետ:

 

   

Բարեբախտաբար, ես դիտեցի միջոցառման ուղիղ հեռարձակումը դեսպանատան ֆեյսբուքյան էջով ու տպավորություն էր, թե անձամբ ներկա էի: Ուրախ էի տեսնել, որ մեզ իր ներկայությամբ պատվել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ որպես մեր միջոցառման պատվավոր հյուր: Իսկ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեբորա Գրիսերն ըստ արժանվույն ներկայացրեց Միացյալ Նահանգները: Ի դեպ, ուզում եմ նրա խոսքից որոշ մտքեր ներկայացնել մեր այն ընթերցողներին, որոնք միջոցառման ներկա չեն եղել:

 

Լուսանկարները՝ ՀՀ փոխվարչապետի գրասենյակ

«Այսօր մենք տոնում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագրի ընդունումը. 243 տարի առաջ մի շոգ ամառային օր Ֆիլադելֆիայում հավաքված տասնյակ գաղութաբնակներ հռչակեցին նոր պետություն ու ժողովրդի կարիքներին արձագանքող կառավարություն ձևավորելու իրենց մտադրությունը:

Դա նշանակալի քայլ էր. խիզախություն ունենալ և դուրս գալ աշխարհի խոշորագույն գաղութարարի տիրապետության տակից: Սակայն դա Ամերիկայում ժողովրդավարության սկիզբն էր սոսկ:

Անկախության հռչակագիրը հեղինակած Թոմաս Ջեֆերսոնը ասել է՝ հեղափոխություն սկսած սերունդը հազվադեպ է այն ավարտին հասցնում: Նա իրավացի էր. Ամերիկյան հեղափոխության առաջին քայլը Անգլիայի տիրապետության տակից դուրս գալն էր: Շատ ավելի դժվար էր իրականություն դարձնել Ջեֆերսոնի տեսլականը, այն է՝ ստեղծել մի պետություն, որտեղ բոլոր մարդիկ հավասար են և կարող են իրացնել կյանքի, ազատության և երջանիկ լինելու իրենց իրավունքները: Անցել է 243 տարի, սակայն այս ուղղությամբ մենք՝ ամերիկացիներս դեռ շարունակում ենք աշխատել, քանզի սա այն է, ինչին պետք է ձգտի հասնել ցանկացած առողջ ժողովրդավարություն:

Վերջին մեկ տարում՝ լինելով Հայաստանում, ես ուրախությամբ հետևել եմ, թե ինչպես է հայ ժողովուրդը կերտում իր նոր ժողովրդավարական ուղին: Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել գործակցությունը հասարակության բոլոր օղակների մեր հայ գործընկերների հետ, որպեսզի իրողություն դառնա ժողովրդավարության հայ ժողովրդի տեսլականը»:

Լուսանկարները՝ ՀՀ փոխվարչապետի գրասենյակ

Ես անհամբերությամբ սպասում եմ Հայաստան վերադարձիս և մեր գործընկերության առավել ամրապնդման ուղղությամբ մեր հետագա աշխատանքին:  Ուզում եմ օր առաջ վերադառնալ Հայաստան. այն իմ տունն է հիմա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով