Հասանելիություն բոլորի համար՝ Վաշինգթոնից մինչև Երևան

Ձեզնից ոմանք երևի նկատել էին, որ ես այս ամռանը մի քանի շաբաթ բացակայեցի Հայաստանից: Մեկնել էի Միացյալ Նահանգներ տատիս ծննդյան տարեդարձի առթիվ, այնտեղ կոճի հատվածում կոտրվածք ստացա ու ստիպված էի նախատեսվածից երկար մնալ: Վատ չէր, որ Օհայոյում հարազատներիս մոտ երկար մնացի, սակայն շատ եմ ափսոսում, որ այդ օրերին Հայաստանում ընթացող շատ հետաքրքիր միջոցառումների, այդ թվում՝ ԱՄՆ անկախության օրվան նվիրված միջոցառմանը չկարողացա մասնակցել: Իսկ բժշկի թույլտվությունը ստանալուն պես՝ ես ինքնաթիռ նստեցի և ուղևորվեցի Երևան:

Ուրախ եմ, որ վերադարձել եմ, բայց այս միջադեպն ինձ համար մի տեսակ հայտնություն դարձավ: Քանի որ ես, ըստ էության, ստիպված էի ողջ ժամանակս անցկացնել մայրիկիս տան ընդհանուր սենյակում, սկսեցի ավելի լավ հասկանալ այն բոլոր մարտահրավերները, որոնց բախվում են ֆիզիկական սահմանափակումներ ունեցող մարդիկ:  Առօրյա հասարակ գործերը վերածվում են լրջագույն փորձության, օրինակ՝ դռան զանգին պատասխանելը կամ խոհանոցից մի կտոր ուտելիք վերցնելը արդեն իսկ մեծ ձեռքբերում է: Էլ չեմ ասում այն մասին, երբ բժշկի մոտ հերթական այցն է և պետք է տնից դուրս գալ. մի աստիճան իջնելը, մեքենայում տեղավորվելը և մեքենայից իջնելն արդեն իսկ մարտահրավեր է: Բարեբախտաբար, իմ այդ վիճակը ժամանակավոր էր, իսկ ընտանիքիս անդամները ամեն հարցում իմ կողքին էին: Ես խորը հարգանք եմ տածում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք  ունենալով ֆիզիկական կամ այլ հաշմանդամություն, չեն ընկրկում և շարունակում են հետամուտ լինել իրենց նպատակներին: Ես հիանում եմ նրանց վճռականությամբ ու հաստատակամությամբ:

Ես նաև սկսեցի իրապես արժևորել ֆիզիկական հասանելիության մասին օրենքները, որոնք հասարակական կյանքին ակտիվ մասնակցելու երաշխիքներ են ապահովում բոլորի համար: Համընդհանուր հասանելիությունը լայն հասկացություն է. համընդհանուր ֆիզիկական հասանելիությունը շահեկան է ոչ միայն մշտական հաշմանդամություն ունեցող անձանց համար, այլ շատ ու շատ այլ անձանց համար, որոնք կօգտվեն այս հարմարություններից, օրինակ՝ նորածին երեխային սայլակով դուրս հանած ծնողները, հղի կանայք, տարեցները և իմ նման ժամանակավոր հաշմանդամություն ունեցող անձինք: Բուն նպատակն այն է, որ բոլորը կարողանան հասարակական կյանքին ակտիվ մասնակցել. հենց դա էլ մենք կոչում ենք ֆիզիկական հասանելիություն: Դա ներառում է հասանելի հասարակական տրանսպորտ, դպրոցներ, համալսարաններ, պետական ծառայություններ մատուցող հիմնարկներ, ընտրատեղամասեր:

Միացյալ Նահանգներում հասանելիության իրավունքների նշանակալի ամրապնդում եղավ նախագահ Ջորջ Հ. Վ. Բուշի օրոք, երբ 1990թ. հուլիսի 26-ին ընդունվեց Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքը: Ընդհանուր գծերով այդ օրենքն արգելում  է խտրականությունը հաշմանդամություն ունեցող անձանց  հանդեպ և դա վերաբերում է զբաղվածությանը, հասարակական տրանսպորտին, հանրային ծառայություններին, նահանգային և տեղական օղակի ծառայություններ մատուցող հիմնարկներին և այլն: Այս օրենքը շրջադարձային քայլ էր: Դրանով խնդիրը դիտարկվեց քաղաքացիական իրավունքների տեսանկյունից ՝ վերահաստատելով ամերիկյան այն հիմնարար սկզբունքը, որ ազատությունը և արդարությունը տրված է բոլորին:

Փոփոխությունները, իհարկե, անմիջապես տեղի չունեցան: Օրենքի ընդունումից անցել է 29 տարի, և փոփոխությունները դեռ ընթացքի մեջ են. որոշ հին շենքեր, տրանսպորտային միջոցներ դեռևս արդիականացման ու հասանելի դառնալու ճանապարհին են: Ու թեպետ հավասարությանն ուղղված պայքարը դեռ ավարտված չէ, մենք շարունակում ենք ձգտել դեպի կատարելատիպը: Եվ ոչ միայն Միացյալ Նահանգներում:  ԱՄՆ պետքարտուղարության Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային իրավունքների թիմն աշխատում է աշխարհի տարբեր երկրների մեր գործընկերների հետ՝ օգնելու հավասար պայմաններ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց և հաստատելու, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները մարդու հիմնարար  իրավունքներն են:

Այստեղ Հայաստանում օրենսդրությունը ձևավորված է: Զբաղվածության, կրթության, առողջապահական և հանրային ծառայություններում արգելվում է խտրականության դրսևորումը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, սակայն դեռ շատ են անելիքները իրապես ներառական հասարակության կայացման ճանապարհին: Իրականացումը դժվար է եղել և շարունակում է այդպիսին մնալ: Այս խնդրին մենք բախվել ենք նաև Միացյալ Նահանգներում և նույնիսկ օտարերկրյա պետություններում մեր դեսպանատների պարագայում: Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքի պահանջների կատարումը մեծածավալ աշխատանքներ էր պահանջում, քանի որ հին շենքերի, ենթակառուցվածքների պարագայում հասանելիության ապահովումը լուրջ վերանորոգումներ էր պահանջում: Կպահանջվեն տարիներ, տասնամյակներ, մինչև փոփոխությունների մի մասը գոնե արվի:

Բարեբախտաբար, Հայաստանում կան մարդիկ, ովքեր լծված են այդ գործին և փորձում են այնպես անել, որ հավասար հնարավորություններ ու հավասար հասանելիություն լինի բոլորի համար՝ անկախ նրանց կարողություններից: Վերջերս Գյումրի կատարած այցի ժամանակ առիթ ունեցա հանդիպել մի քանի երիտասարդների, ովքեր ակտիվ ջանքեր են գործադրում հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը բարելավելու ուղղությամբ: Նրանց թվում էին «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ից Գայանե Գրիգորյանը, հաշմանդամություն ունեցող երեխաների տների նորոգմամբ ու հարմարեցմամբ զբաղվող «Հեշտ կյանք» ՀԿ-ի փոխտնօրեն Սուրեն Ավդալյանը: Ես ուրախությամբ տեղեկացա, որ այս երկու խանդավառ երիտասարդները նաև ԱՄՆ կառավարության կրթական ծրագրերի շրջանավարտ են:

Գյումրիում նաև առիթ ունեցա այցելել «Էմիլի Արեգակ» կենտրոնի կողմից գործարկվող առաջին ներառական փուռ-սրճարան, որտեղ աշխատանքի են ընդունված հաշմանդամություն ունեցող մարդիկ և այստեղ կա այն քաջ գիտակցումը, որ նրանցից յուրաքանչյուրն իր կարևոր ներդրումն ունի բիզնեսի հաջողությունը ապահովելու հարցում:  Դեսպանատունը նաև հպարտ է, որ մի շարք փոքր դրամաշնորհային ծրագրերով աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի բարձրաձայնմանը և ներառական հասարակության կայացմանն աջակցելու նախաձեռնություններին:

Գիտեմ, որ Հայաստանում կան շատ այլ անհատներ, որոնք զբաղվում են հասանելիության բարելավման հարցերով իրենց համայնքներում: Կեցցե՛ք, շարունակե՛ք ձեր ջանքերը՝ ապահովելու հավասարություն բոլորի համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով