Լինենք քաջատեղյակ կիբեր անվտանգության հարցերի շուրջ

Being Cyber Smart

Վերջին 25 տարիներին կիբեր տիրույթն իրապես դարձել է աշխարհի միլիարդավոր մարդկանց կենցաղի անբաժանելի մասը։ Այն առանցքային տեղ է զբաղեցնում մեր սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքում։ Կիբեր տիրույթի շնորհիվ բացվել են մեծ հեռանկարներ հաղորդակցությունը, առևտուրը և մտքերի ու գաղափարների ազատ փոխանակումը խթանելու համար։

Միացյալ Նահանգները բաց, փոխգործակցելի, հուսալի և ապահով ինտերնետի (համացանցի) ջատագով է։ Այս մոտեցումը խարսխվում է ամերիկյան վաղեմի արժեքների վրա, որոնք կարևորում են անհատի ազատության, ազատ արտահայտման, ազատ շուկաների և անձնական տվյալների գաղտնիության ուժն ու ազդեցությունը։ Ողջունելի է, որ աշխարհի շատուշատ տեղերում  առաջնորդվում են հենց այս՝ ընդհանուր կիբեր տիրույթի մոտեցմամբ, որը  շահեկան է բոլորի համար։

Նոր հեռանկարներ բացելու հետ մեկտեղ՝ կիբեր տիրույթում ի հայտ են եկել նաև որոշակի սպառնալիքներ ու խոցելիություններ։ Պետական կամ ոչ պետական մակարդակում հանդես եկող որոշ դերակատարներ ընդհանուր կիբեր տիրույթի այս մոտեցումը չեն ընդունում։ Նրանց գնահատմամբ ինտերնետի հասանելիությունը պետք է վերահսկվի, և խոսքն այնտեղ պետք է սահմանափակվի, ուստի նրանք ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում բաց ինտերնետի սկզբունքներն արժեզրկելու ուղղությամբ։  Նրանց ընկալմամբ՝ ինտերնետը ամենևին էլ մտքերի փոխանակման ու հնարավորությունների բացահայտման բաց հարթակ չէ, այլ մի գործիք, որ իրենք կարող են օգտագործել անհատներին, կազմակերպություններին ու պետություններին վնաս հասցնելու համար։ Լրտեսության, ապատեղեկատվության և կիբեր հարձակումների միջոցով նրանք խարխլում են տնտեսությունը, ժողովրդավարությունը, գողանում մտավոր սեփականությունը և սերմանում անհամաձայնություն։

2004թ․-ից Միացյալ Նահանգները հոկտեմբերին անցկացնում է կիբեր անվտանգության հարցերի շուրջ իրազեկման միամսյակ, որը ընթացքում կառավարության ու ոլորտի կառույցների ու ներկայացուցիչների համատեղ ջանքերով փորձ է արվում հասարակությանը՝ ԱՄՆ-ում և ԱՄՆ-ից դուրս, իրազեկել կիբեր սպառնալիքների մասին և անհատներին ներկայացնել առցանց տիրույթում ապահով ու անվտանգ գործելակերպի առանձնահատկությունները։ Կիբեր անվտանգության համար պատասխանատու է մեզնից յուրաքանչյուրը, և բոլորս պետք է մեր մասով ապահովենք ինտերնետի անվտանգությունը։ Այն քայլերը, որ մենք ձեռնարկում ենք մեր առցանց անվտանգության համար, ինտերնետը դարձնում են առավել ապահով բոլորի համար։

Այս տարվա կիբեր անվտանգության ազգային միամսյակն ընթանում է «ՏՏ-ն քոնն է․ պաշտպանի՛ր այն և հետևի՛ր անվտանգությանը» կարգախոսի ներքո, և ես հորդորում եմ բոլորին այցելել կիբեր անվտանգության ազգային միամսյակի պաշտոնական կայքը՝ National Cybersecurity Awareness Month, որտեղ ներկայացված են այն գործնական քայլերը, որ  կարող եք ձեռնարկել դուք տանը և աշխատավայրում ձեր, ձեր ընտանիքի անդամների, ընկերների և գործընկերների կիբեր անվտանգությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար։ Վստահ եմ, որ այնտեղ ներկայացված խորհուրդների մի մասը, օրինակ՝ առցանց տիրույթում անձնական տվյալների գաղտնիության ապահովումը կամ դժվար գաղտնաբառեր ունենալու կարևորությունը, ձեզ քաջածանոթ են, սակայն հարկ է նշել, որ ինտերնետը դինամիկ միջավայր է, որտեղ մշտապես կարող են նոր վտանգներ ու սպառնալիքներ ի հայտ գալ, ուստի պետք է մշտապես զգոն լինել և հետ չմնալ լավագույն փորձի զարգացումներից։

Ձևավորելով տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված պատշաճ սովորույթներ՝ դուք ոչ միայն կնպաստեք բաց, փոխգործակցելի, հուսալի և ապահով ինտերնետի կայացմանը, այլ շատ իրական ներդրում կունենաք Հայաստանի բարեկեցության ապահովման հարցում։ Հաղորդակցության ապահով ենթակառուցվածքների առկայությունը տնտեսական ապահովության, ներդրումների խրախուսման և նոր շուկաների բացման լուրջ խթան է։ Կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանությունը, ցանցերի անվտանգությունը և կիբեր հանցավորության կանխումը քաղաքացիների ապահովության կարևոր գործոններ են։ Տնտեսությունը հետզհետե ավելի ու ավելի շատ է հիմնվում թվային տեխնոլոգիաների վրա, և դա պահանջում է կիբեր անվտանգության բարձր ստանդարտների ապահովում, որպեսզի թվային տնտեսության վերելք նախատեսող Հայաստանում պահպանվի ոլորտի առաջընթացը։ Հայաստանի հետագա բարեկեցությունը շատ բանով պայմանավորված է կիբեր տիրույթի հնարավորությունների օգտագործմամբ, ինչպես նաև այդ տիրույթում առկա մարտահրավերներին արձագանքելու կարողությամբ։

Այս ամսվա սկզբում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) օրերին, ես հետևում էին, թե ինչպես է Հայաստանը մասնակցում նոր և ժամանակակից տեխնոլոգիաների խոստումների ու վտանգների շուրջ բարդ քննարկումներին։ Վերջերս դեսպանատան Ամերիկյան կենտրոնում էլ տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում կիբեր անվտանգության հարցերի շուրջ, որի ընթացքում ոլորտի լավագույն հայաստանյան փորձագետները ուսանողներին ներկայացրեցին այն լուրջ մարտահրավերները, որոնց մենք հավաքական կերպով բախվում ենք կիբեր տիրույթում։ Ուրախալի է և հուսադրող, երբ տեսնում ես, որ մարդիկ պատրաստ են ջանք ներդնել նման ծանրակշիռ խնդիրների լուծման ուղղությամբ։

Միացյալ Նահանգները պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներով աշխատել իր գործընկերների և դաշնակիցների հետ՝ ապահովելու կիբեր տիրույթի անվտանգությունը, և ես,  Կիբեր անվտանգության հարցերի շուրջ իրազեկման միամսյակի շրջանակում դիմելով ձեզ, առաջարկում եմ ինձ հետ միասին բարձրաձայնել այս կարևոր հարցը և օգնել մարդկանց դարձնել առավել իրազեկ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով