ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեությունը զբոսաշրջության զարգացման հարցում

Աշխատելով տարբեր երկրներում՝ ես քաջ գիտակցում եմ, որ երկրին ծանոթանալու լավագույն ուղին երկրում շրջագայելն է, մարդկանց հետ շփվելն ու ծանոթանալը։ Այստեղ Հայաստանում ես հենց այդպես էլ վարվում եմ։ Հայաստան եմ ժամանել փետրվարին ու դրանից հետո ամեն ամիս փորձել եմ մի տեղ գնալ՝ ծանոթանալու Հայաստանի մարզերին՝ ամենահյուսիսում գտնվող Շիրակի ու Տավուշի մարզերից մինչև հեռավոր հարավի Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր։ Բոլոր մարզերն էլ տարբեր են ու աչքի են ընկնում իրենց ինքնատիպությամբ ու առանձնահատկություններով, և ուր էլ որ այցելել եմ, միշտ ծանոթացել եմ մարդկանց հետ, որոնք օգնել են ինձ ավել լավ ճանաչել ու ավելին իմանալ իրենց գեղեցիկ երկրի, հարուստ ու հինավուրց մշակույթի մասին։

Շրջագայությունները հիմնականում պաշտոնական այցելություններ են, որոնց ընթացքում ես հանդիպում եմ պաշտոնատար անձանց, տեղի գործարարներին, համայնքային օղակի որոշում կայացնողներին և, չափազանց կարևորելով այս ամենը,  պետք է նշեմ, որ այդ այցերի ընթացքում ես անհամբերությամբ սպասում եմ տեղի արհեստագործ վարպետների, ֆերմերների, ուսուցիչների, աշակերտների, նրանց ծնողների կամ, այսպես ասած, շարքային քաղաքացու հետ հանդիպումներին։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ-ի) «Իմ Հայաստան» ծրագիրն օգնում է գտնել բազմաթիվ շնորհաշատ մարդկանց։ Այս ծրագրի շնորհիվ ավելանում է իմ նման ամերիկացիների այցելությունների թիվն այս համայնքներ։

ԱՄՆ ՄԶԳ-ը տարիներ շարունակ աջակցել է զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում․ իրականացվել են աշխատանքներ աջակցելու արհեստագործ վարպետներին, ներդրումներ են կատարվել ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ և օգնել են մշակել ոլորտի կառավարումը բարելավելուն ուղղված հիմնական անելիքները։ Իսկ 2013թ․ ԱՄՆ ՄԶԳ-ը Վաշինգտոնում գործող հայտնի Սմիթսոնյան հաստատության հետ համատեղ ձեռնամուխ եղավ «Իմ Հայաստան» ծրագրի իրականացմանը, որը, զբոսաշրջիկներին առաջարկելով տարբեր նորարարական փորձառություններ, կարողանում է նորովի մատուցել  երկրի հարուստ մշակույթը։

«Իմ Հայաստան» ծրագիրը, գործակցելով Հայաստանի կառավարության հետ,  իր գործուն դերակատարումն է ունենում Հայաստանի մարզերի զարգացման հարցում՝ համայնքներում փառատոնների կազմակերպման, թանգարանների և արհեստագործ վարպետների կողմից առաջարկվող փորձառությունների մշակման կարողություններ ձևավորելու,  ուսուցումների կազմակերպման և հայկական ու ամերիկյան  տուրօպերատորների միջև կապերի հաստատման միջոցով։ Այս ջանքերի շնորհիվ մշակույթի նյութական ու ոչ նյութական արժեքները մարզային համայնքների համար տնտեսական շահ ստանալու հնարավորություն են ապահովում։ Իսկ այս ամենի նպատակը Հայաստանում զբոսաշրջային ապրանքների ու ծառայությունների կատարելագործումն է և այցելուների թվի ավելացումը։

2018 Smithsonian Folklife Festival featuring Armenia
2018 Smithsonian Folklife Festival featuring Armenia

Այս ջանքերին նոր թափ հաղորդելու նպատակով` 2018թ․ ամռանը Հայաստանը ներկայացվեց մայրաքաղաք Վաշինգթոնում ընթացող Սմիթսոնյան հաստատության ժողովրդական կենցաղի ամենամյա փառատոնում (Smithsonian Folk Life Festival), որտեղ հազարավոր այցելուներ առիթ ունեցան տեսնել Հայաստանի յուրօրինակ մանրակերտը և խորհրդածել առաջիկայում Հայաստան այցելելու մասին։ Փառատոնից հետո շարունակվել են աշխատանքները ոչ միայն Հայաստանի զբոսաշրջության ոլորտում կարողությունների ձևավորման շուրջ, այլ նաև աշխատանքներ են կատարվել ամերիկյան տուրօպերատորների և հայկական ընկերությունների ու էքսկուրսավարների միջև կապեր հաստատելու ուղղությամբ։ Արդյունքներն արդեն իսկ տեսանելի են․ միայն վերջին տարում Հայաստան այցելողների թիվն ավելացել է 12 տոկոսով։

 

Ես տպավորված էի «Իմ Հայաստան» ծրագրի գործունեությամբ, որն աշխատել է 5 մարզերի 102 արհեստագործ վարպետների հետ՝ օգնելով նրանց իրենց ապրանքների մշակման, դիզայնի, մարկետինգի և իրացման հարցերում։ Այս արհեստագործ վարպետները տարին մեկ անգամ միասին մասնակցում են Երևանում տեղի ունեցող «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնին։ Ես մեծ ուրախությամբ շրջեցի փառատոնի տաղավարներով, ծանոթացա արհեստագործներին, տեսա մի շարք ընկերների և շատուշատ գնումներ կատարեցի։ Ուրախ էի նաև տեսնել տաղավարից տաղավար անցնող օտարերկրյա այցելուների ու մեծ թվով տեղացիների։ Նմանօրինակ փառատոններն ու միջոցառումները թույլ են տալիս ոչ միայն հասարակությանը ներկայացնել Հայաստանի մշակութային ժառանգությունը, այլ նաև եկամուտ ստանալու հնարավորություն են արհեստագործների համար և դա էլ իր հերթին նպաստում է տնտեսությանը։

Ambassador Tracy with Mosh Studio owner, Armine Aghajanyan, at the 2019 My Handmade Armenia Fair
Ambassador Tracy with Mosh Studio owner, Armine Aghajanyan, at the 2019 My Handmade Armenia Fai

Վերջին շրջանի մարզային այցերի ժամանակ ես առիթ ունեցա  հենց տեղում ծանոթանալ «Իմ Հայաստան» ծրագրի գործընկերներին․ օրինակ՝ Եղեգնաձորում (Վայոց Ձորի մարզ) այցելեցի «Մոշ» ստուդիա, որտեղ տեղի բնաշխարհն ու գեղեցկությունը պատկերող ձեռագործ զարդանախշերով հագուստ, վզնոցներ, պայուսակներ են պատրաստում․ այստեղ նաև առաջարկում են բատիկայի և տիկնիկների պատրաստման վարպետության դասեր՝ հիմնվելով հայկական հինավուրց ավանդույթների վրա։ Զբոսաշրջիկներ ներգրավելու հարցում  «Մոշ» ստուդիային աջակցելու և բրենդը խթանելու նպատակով  «Իմ Հայաստան» ծրագիրն օգնել է բիզնես հայեցակարգի ձևավորման և մարկետինգային ու բրենդավորման նյութերի պատրաստման հարցում։ Արդյունքում«Մոշ» ստուդիան ընդլայնվում է, առավել հայտնի է դառնում և այժմ ավելի շատ այցելուներ է ընդունում։

«Իմ Հայաստան» ծրագրի լավ աշխատանքի մեկ այլ ուղղություն էլ ռեստորանների ու հյուրատների հետ աշխատանքն է, և Վայոց Ձորում ես անձամբ առիթ ունեցա լինել Under the Walnut Tree («Ընկուզենու տակ») ռեստորան-հյուրատանը։ Հովվերգական միջավայր էր, երանելի անդորր, ջերմ ու բարեհամբույր ընդունելություն․ այստեղ կարող ես նաև մասնակցել գինի պատրաստելու, օղի թորելու, գաթա թխելու, մեղր քաշելու և փայտի փորագրության աշխատանքների։ Թեպետ ես այս բոլոր աշխատանքներին չմասնակցեցի, բայց շատ համեղ ճաշեցի ու հաճելի զրուցեցի  սեփականատիրոջ հետ, որը նշեց «Իմ Հայաստան» ծրագրի դասընթացների, մարքեթինգային աջակցության և դրանց տված գործնական օգուտների մասին։ Ինչպես նա նկատեց, ծրագրին մասնակցելուն զուգընթաց նկատվում է այցելուների թվի ավելացում, որոնք գալիս են կամ համեղ ուտելու, կամ էլ այնտեղ գիշերելու և հետագա բացահայտումներ կատարելու այս գեղատեսիլ մարզում։

Ambassador Tracy with Lilit Khalatyan, Under the Walnut Tree owner

Ambassador Tracy with Lilit Khalatyan,
Under the Walnut Tree ownerԱյս բոլոր օրինակները ու դեռ շատ այլ օրինակներ փաստացի գոյություն ունեն այս գեղեցիկ ու հինավուրց երկրում։ Բոլորին հորդորում եմ բացահայտել Հայաստանն ամբողջությամբ՝ մարդկանց, մշակույթը, խոհանոցը, բնությունը։ Մասնակցեք արշավների անդրկովկասյան արշավային երթուղիներով, ճաշակեք տոլմա, թուզ, խորոված ու էլի շատ բաներ ձեր նոր ընկերների հետ, սովորեք գորգագործություն ու ծանոթացեք այլ հնամենի արհեստների, իսկ Արենու գինու հաջորդ փառատոնին փորձեք ձեր ուժերը խաղող ճզմելու գործում։ Ես այնտեղ եմ լինելու ու հուսով եմ, որ դուք էլ անպայման կգաք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով