Գոհունակություն հայտնելը

Երբևէ մտորել եք այն մասին, թե կյանքում ինչքան շատ բան կա, որի համար մենք պետք է երախտապարտ լինեն։ Տոներին ընդառաջ հեշտ է տարվել գործերով ու եռուզեռի մեջ որոշ բաներ աչքաթող անել։ Բայց ես միշտ ժամանակ եմ գտնում մտորելու ու իմ երախտիքն ու գոհունակությունը հայտնելու այն բոլոր բարիքների համար, որ տրված են մեզ։ Բնականաբար մենք երախտապարտ ենք մեր առողջության, ընտանիքի, աշխատանքի և ազատության համար, սակայն կան նաև այլ փոքր բաներ, բարության առօրյա դրսևորումներ, օրինակ՝ ջերմ ժպիտը, քաջալերանքի խոսքը, օգնության առաջարկը, գրկախառնվելը։ Այո, արժևորել պետք է նաև հաճախ աննկատ անցնող այս պարզ բաները։

Միացյալ Նահանգներում հատուկ այս առիթով տոնական օր ենք առանձնացրել՝ Գոհաբանության օրը։ Օրվա գաղափարը,  ըստ մեզ հասած տեղեկությունների, սկիզբ է առել 1621թ․-ին Փլիմութում (Մասաչուսեթս)։ Այդ ժամանակ Նյու Ինգլենդում ցամաք դուրս եկան ու բնակություն հաստատեցին Անգլիայից ժամանած առաջին պիլիգրիմները։ Իրենց առաջին հաջող բերքահավաքը աշնանը նրանք նշեցին մեծ տոնախմբությամբ և այդ ժամանակվանից ի վեր այն դարձավ ամեն տարի ավանդաբար նշվող օր։ Իսկ արդեն 1941թ․-ից նոյեմբեր ամսվա 4-րդ հինգշաբթին պաշտոնապես նշվում է որպես Գոհաբանության օր ամբողջ երկրով մեկ։

Գոհաբանության տոնը նշվում է տոնական սեղանի շուրջ՝ ընտանիքի ու ընկերների հետ միասին։ Այս տոնը միավորում է մարդկանց, և անգամ տնից հեռու գտնվող կամ արտերկրում ապրող  ամերիկացիներն այս տոնը նշում են միմյանց հետ։ Ես բազմիցս Գոհաբանության տոնը նշել եմ տնից հետու և գիտակցում եմ, որ շատ կարևոր է մեր բնակության վայրում մարդկանց ևս հաղորդակից դարձնել մեր ավանդույթներին ու մշակույթին։ Մարդկանց, ժողովրդին ճանաչելու լավագույն միջոցը թերևս սեղանի շուրջ ավանդական որևէ ճաշատեսակ համտեսելն ու այդ ընթացքում հիշողություններ ու պատմություններ փոխանակելն է։

Այս տարի հայ ժողովրդին ես կներկայացնեմ մեր ընտանեկան խոհանոցի որոշ ավանդույթներ՝ «Արմենիա» ՀԸ-ի «Համի ուժը» հաղորդաշարի միջոցով։ Շաբաթ օրը կհեռարձակվի հաղորդաշարի հերթական թողարկումը, որտեղ ես պատրաստել եմ իմ Թրեյսի տատիկի լոռամրգու աղցանը։ Նկարահանման ընթացքում մենք անգամ մայրիկիս զանգեցինք, որպեսզի համոզվենք, որ տատիկի բաղադրատոմսից շեղում չի եղել։ Նկարահանումը շատ հետաքրքիր անցավ․ պատրաստեցինք ուտեստը, զրուցեցինք Գոհաբանության օրվա մասին, մեր ընտանեկան ավանդույթների ու էլի այլ բաների մասին։ Հուսով եմ, որ դուք էլ կփորձեք այդ բաղադրատոմսը, իսկ հետո անպայման ինձ կհայտնեք, թե ինչպես էր այն։

Ձեզ թերևս հետաքրքիր կլինի նաև իմանալ  Գոհաբանության օրվա տոնական սեղանի այլ ուտեստների մասին։ Էլ ինչ տոնական սեղան, եթե չլինի հնդկահավ կամ լցոնած հնդկահավ։ Չեք հավատա, բայց Գոհաբանության տոնին ամեն տարի Միացյալ Նահանգներում 45 միլիոն հնդկահավ է սպառվում։ Հնդկահավի պատրաստմանն առնչվող հարցերի համար գործում է թեժ գիծ, որին զանգելով մարդիկ կարող են ստանալ իդեալական հնդկահավ պատրաստելու մասին մանրամասն հրահանգներ։

Աղանդերը և ոչ հիմնական ուտեստները տարբերվում են ըստ բնակավայրերի, սակայն կան մի քանի առանձնահատուկ ու սիրված ուտեստներ։ Օրինակ՝ հարավցիները նախընտրում են փռի մեջ պատրաստած հնդկահավ, տնական մակարոն և պանիր։ Օրվա համար հատկանշական այլ ուտեստներից են կանաչ լոբին, եգիպտացորենի հացիկները, կարտոֆիլը, լցոնած ձուն, վայրի բրինձը, եգիպտացորենի պուդինգը, լոռամրգու ախորժաբեր հավելումը և այլն։ Աղանդերի հարցում ունենք կարկանդակների մեծ բազմազանություն․ պեկան ընկույզով, դդմով, խնձորով, գետնախնձորով, լայմով ու էլի այլ կարկանդակներ, բոլորի քիմքը գոհացնելու համար։ Այստեղ ԱՄՆ դեսպանատանը մենք մի շատ լավ ավանդույթ ունենք և Գոհաբանության տոնի նախօրեին քաղցր հյուրասիրություն ենք կազմակերպում դեսպանատան մեր տեղացի գործընկերների համար՝ ի գնահատումն իրենց լավ աշխատանքի։

Եզրափակելով՝ ուզում եմ ասել, որ խորապես երախտապարտ եմ, որ ծառայում եմ Հայաստանում՝ որպես Միացյալ Նահանգների դեսպան։ Այս տոնը նաև առիթ է վերհիշել ու վերստին արժևորել այն ինչ ես տեսել ու արել եմ այստեղ վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Լավագույն պահերն անկասկած եղել են իմ շփումները հայ երիտասարդների, ձեռներեցների, ֆերմերների, արհեստագործ վարպետների, երաժիշտների ու այլ մարդկանց հետ։ Ես չեմ մոռանա այն ջերմությունն ու բարեհաճությունը, որով ինձ ընդունեցին Հայաստանում։ Հուսով եմ, որ դեռ շատ վառ հիշողութուններ կլինեն, որոնք ես սիրով կներկայացնեմ ձեզ, իսկ այժմ շնորհավորանքներս ու լավագույն մաղթանքներս եմ հղում ձեզ Գոհաբանության տոնի առթիվ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով