Պատասխանատու ճանապարհորդություն․ ինչպես հաճելի ժամանակ անցկացնել ու ապահով տուն վերադառնալ

Հայաստանով ճանապարհորդելիս մարդկանցից հաճախ եմ լսում, որ ազգականներ ու ընկերներ ունեն Նահանգներում, առավելապես՝ Գլենդելում կամ, որ մտադիր են այցելել Ֆլորիդա, Նյու Յորք, Բոստոն։ Շատ ուրախանում եմ, երբ հանդիպում եմ մարդկանց, որոնք եղել են Նահանգներում, կամ սովորել այնտեղ և վերադարձել են Հայաստան՝ հայրենակիցներին պատմելու իրենց ամերիկյան արկածների ու քաղած դասերի մասին։ Նոր տարին ճանապարհորդությունների եռուն շրջանն է, և այժմ մեր հյուպատոսական ծառայությունը ինտենսիվ դիտարկում է տոները Նահանգներում նշել ցանկացող բազմաթիվ  մարդկանց վիզայի հայտերը։

Ուրախ եմ փաստել, որ տարեցտարի ավելանում է Միացյալ Նահանգներ այցելող ՀՀ քաղաքացիների թիվը։  ԱՄՆ Ներքին անվտանգության դեպարտամենտի տվյալներով 2015թ․ Նահանգներ մուտք է գործել 8․654 ՀՀ քաղաքացի, իսկ 2017թ․ այդ թիվն արդեն աճել էր մինչև 13․774 հոգի։ Միաժամանակ, արագ տեմպերով աճում է նաև Հայաստան այցելող ամերիկացի զբոսաշրջիկների թիվը։ Այս կարճատև այցերն ամրապնդում են մեր ժողովուրդների միջև կապերը, իսկ ես որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան անչափ ուրախ եմ դրա համար։ Մեր կապերն առավել խորացնելու շատ լավ միջոցներ կան, ինչպիսիք են օրինակ՝ ընտանիքներ ձևավորելը, տեղի մշակույթին ծանոթանալը, կրթական կապերը խորացնելը և բիզնես կապեր հաստատելը։

Միաժամանակ, կարևոր է նաև վիզայի պայմաններին հետևելը։ Առանց աշխատանքը թույլատրող վիզայի աշխատելը, առանց ուսանողական վիզայի սովորելը և, իհարկե, սահմանված ժամկետից երկար մնալը կարող է հետագա գլխացավանքների պատճառ դառնալ և անգամ վտանգել հետագայում վիզա ստանալու հնարավորությունը։ Մենք ուզում ենք, որ ՀՀ քաղաքացիները լինեն Միացյալ Նահանգների տարբեր վայրերում, հաճելի պահեր ապրեն այնտեղ ու հետո կրկին ու կրկին վերադառնան։

Հուսով եմ, որ առաջիկա տարիներին Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ավելի շատ ճանապարհորդողներ կլինեն ու կոչ եմ անում ուղևորության դուրս եկող ամերիկացիներին ու հայերին ճանապարհորդելիս չմոռանալ իրենց անվտանգության ու ապահովության մասին, հանդես բերել պատասխանատվություն և ․․․ վայելել բազում հաճելի պահեր՝ բացահայտելով աշխարհը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով