Ձգտելով խաղաղության․ տուրք Մարտին Լյութեր Քինգ Կրտսերին

Մեր ամերիկյան տոներից շատերը լավ ծանոթ են նաև մեր հայ բարեկամներին։ Օրինակ՝ Սուրբ Ծնունդը․ ճիշտ է տարբեր օրերի ենք նշում, սակայն տոնը նշելու ավանդույթները շատ նման են՝ սկսած Սանտա Կլաուսից մինչև Ձմեռ Պապ, տոնածառ, լույսեր ու երաժշտություն։ Բայց ամեն տարի հունվար ամսին, երբ արդեն հավաքել ենք տոնածառն ու ամանորյա փայլերն ու զարդերը, մենք նշում ենք մի տոն, որը բացառապես ամերիկյան է․ մենք նշում ենք Մարտին Լյութեր Քինգի օրը։

Մարտին Լյութեր Քինգի օրը մենք նշանավորում ենք ամերիկյան քաղաքացիական իրավունքների շարժման ակնառու գործիչներից ու առաջնորդներից մեկի կյանքն ու գործունեությունը։ Նրա «Ես երազանք ունեմ» ելույթը, որն ազդեցիկ ու խրոխտ կերպով հնչեց Լինքոլնի հուշահամալիրում 1963թ․ օգոստոսի 28-ին, ամերիկյան քաղաքացիական շարժման շրջադարձային դրվագներից էր։ Դրանից մոտ մեկ տարի անց նախագահ Լինդոն Ջոնսոնը ստորագրեց քաղաքացիական իրավունքների մասին դարակազմիկ օրենքը, որով վերջ դրվեց ռասայական տարանջատմանը և երաշխավորեց հավասար վերաբերմունք բոլոր ամերիկացիների հանդեպ։ Այսօր էլ, երբ արդեն անցել է ավելի քան 50 տարի, Մարտին Լյութեր Քինգի ձայնն ու ուղերձը շարունակում են ինձ համար ներշնչանք հանդիսանալ։

Դ-ր Քինգի ոչ բռնի դիմադրության փիլիսոփայությունը լայն արձագանք գտավ ողջ աշխարհում։ Խաղաղ միջոցներով աֆրոամերիկացիների հավասարությունն ապահովելու նրա ջանքերը նկատեց ողջ աշխարհը, և 1964թ․ նա արժանացավ Խաղաղության նոբելյան մրցանակի։

1986թ․ նախագահ Ռեյգանը Մարտին Լյութեր Քինգի օրը պաշտոնապես հռչակեց որպես դաշնային տոն։

«Դ-ր Քինգն իրապես մարգարե էր, որը հաղթահարեց թշնամանքի, նախապաշարմունքների, տգիտության խորխորատները և Ամերիկայի խղճին դիպչելու վախը։ Նա մարտահրավեր նետեց բոլորիս՝ իրականություն դարձնել մեր խոստումն առ այն, որ Ամերիկան ազատության, հավասարության, եղբայրության և հնարավորությունների երկիր է»։

 

Այսպիսով՝ հունվար ամսվա 3-րդ երեքշաբթի օրն ամերիկացիները հիշատակի տարբեր միջոցառումներով իրենց հարգանքն են մատուցում Մարտին Լյութեր Քինգին՝ քաղաքացիական իրավունքների շարժման մեջ ունեցած իր ներդրման ու վաստակի համար։ Շատերը նաև այցելում են դ-ր Քինգի հուշարձան մայրաքաղաք Վաշինգտոնում կամ ընթերցում են նրա գործերը, այդ թվում՝ Բիրմինգհեմի բանտից գրված բաց նամակը, որտեղ դ-ր Քինգը պաշտպանում էր ոչ բռնի պայքարը և Խաղաղության նոբելյան մրցանակի արժանացած «Ինչո՞ւ չենք կարող սպասել» գիրքը։

Կարճ ասած, ամեն տարի մենք նշանավորում ենք դ-ր Քինգի պայքարը հանուն այն գաղափարների, որոնց շուրջ ձևավորվել են Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այդ գաղափարներն են՝ ազատություն, արդարություն, և հավասարություն բոլորի համար։ Իսկ խոսքս ուզում եմ ավարտել դ-ր Քինգի  հետևյալ բառերով․

«Մարդկային առաջընթացն ինքն իրեն չի լինում և ոչ էլ այն անխուսափելի է․․․ արդարության նպատակին ուղղված ցանկացած քայլ պահանջում է զոհողություն, պայքար, տառապանք և անսասան ջանքեր ու ջերմեռանդ նվիրում անհատների կողմից»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով