«Մարդիկ պայքարել են, որպեսզի դու այսօր ունենաս ընտրական իրավունք. իրացրու՛ քո այդ իրավունքը»

Ընտրական իրավունքն առանցքային տարր է ցանկացած ժողովրդավարության համար։ Սա մի արժեք է, որ ամերիկացիները կիսում են հայերի հետ․ սա մի արժեք է, որ պետք է պահպանել ու փայփայել։ Սկզբունքը, որ առաջնորդներին ընտրելիս յուրաքանչյուր քաղաքացի ունի ձայնի իրավունք, այնքան է կարևորվել, որ հարյուրամյակների ընթացքում մարդիկ պայքարել, և անգամ իրենց կյանքն են տվել այս իրավունքը ձեռք բերելու ու պահպանելու համար։ Թավշյա հեղափոխության օրերին աշխարհը Հայաստանում քաղաքացիական ակտիվության պատմական դրսևորումների ականատես դարձավ, և այդ զարգացումների արդյունքում 2018թ․ դեկտեմբերի կայացած արտահերթ ընտրություններում հայ ժողովուրդն իրացրեց իր ընտրական իրավունքը։

Ձեզնից ոմանք գուցե զարմանան, երբ իմանան, որ Միացյալ Նահանգների 1789թ․ ընդունված Սահմանադրությունը, հռչակելով ժողովրդի իշխանություն, չէր սահմանել, թե ովքեր կարող են ընտրել։ Այս հարցը ամեն մի նահանգ կարգավորում էր յուրովի և նահանգների գերակշիռ մասում ընտրական իրավունք վերապահվում էր միայն սպիտակամորթ և սեփական գույք  ունեցող տղամարդկանց, իսկ որոշ նահանգներում ընտրական իրավունք ունեին նաև ոչ-սպիտակամորթ տղամարդիկ, սակայն գույքի սեփականատեր լինելու պահանջը պարտադիր էր։

1860-ականների Քաղաքացիական պատերազմից հետո Միացյալ Նահանգները երկրով մեկ ձեռնամուխ եղավ ընտրական իրավունքների միօրինականացմանը։ Սահմանադրության 15-րդ լրացմամբ ոչ-սպիտակամորթ տղամարդկանց և ստրկությունից ազատված տղամարդկանց շնորհվեց ընտրական իրավունք, սակայն հարավային նահանգներում ամեն կերպ միջոցներ էին գտնում սևամորթների ու ունեզուրկ սպիտակամորթների  իրավունքներն անտեսելու համար։ Այս լրացումից հետո էլ Միացյալ Նահանգների բնակչության կեսից ավելին չուներ իրենց առաջնորդներին ընտրելու իրավունք։  Ըստ էության, պահանջվեց ևս 50 տարի մինչ Սահմանադրությունը ընտրական իրավունք վերապահեց կանանց։ Այս տարի լրանում է Սահմանադրության 19-րդ լրացումը գործողության մեջ դնելու 100 տարին։ Այդ լրացումը կանանց ընտրական իրավունքի համար մոտ 80 տարի տևած պայքարի հանգուցալուծումն էր։ Ի դեպ, կանանց ընտրական իրավունքի պայքարի ակնառու առաջամարտիկներից էր Սյուզեն Բ․ Էնթոնին։

Այսօր՝ փետրվարի 15-ին լրանում է Սյուզեն Բ․ Էնթոնիի 200-րդ տարեդարձը։ Նա ոչ միայն կանանց հավասար իրավունքների համար մղվող պայքարի ակնառու դեմքերից էր, այլ նաև ստրկության վերացման պայքարի ակտիվ մասնակից։ Թեպետ կանանց ընտրական իրավունքն ԱՄՆ Սահմանադրությամբ ամրագրվեց նրա մահվանից 14 տարի անց, սակայն նա կանանց շարժման կազմակերպման հարցում առանցքային դերակատարում ուներ և իր կյանքից ավելի քան 50 տարի նվիրել էր այդ պայքարին։ 

Սակայն սևամորթ ընտրողների նկատմամբ խտրականությունը վերացվեց միայն 1965թ․ նախագահ Լինդոն Բ․ Ջոնսոնի կողմից Ընտրողների իրավունքների մասին օրենքը ընդունելուց հետո։ Ինչպես կանանց ընտրական իրավունքի ապահովումը, այնպես էլ Ընտրողների իրավունքների մասին օրենքը քաղաքացիական իրավունքի կարկառուն դեմքերի (ինչպիսիք են Մարթին Լյութեր Քինգը, Ռոզա Փարքսը)  անմնացորդ ջանքերի, և իհարկե միլիոնավոր ամերիկացիների  համախմբման ու հանուն հավասար իրավունքների ծավալած պայքարի արգասիքն էին։ Հաջորդ ամիս կլրանա Սելմա-Մոնտգոմերի (Ալաբամա) հայտնի երթի 55-ամյակը․ իրադարձություն, որը շրջադարձային էր ԱՄՆ քաղաքացիականն իրավունքների պայքարում և ուղղակիորեն հանգեցրեց Ընտրողների իրավունքների մասին օրենքի ընդունմանը 1965թ․։

Փոփոխությունը կարող է դանդաղ լինել․․․ իսկ դեպի հավասարություն անող ճանապարհը իրապես երկար է։ Սյուզեն Բ․ Էնթոնիի նման մարդիկ աշխարհի տարբեր ծայրերում իրենց օրինակով ցույց են տալիս, որ փոփոխությունը տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ մարդիկ համախմբվում են ու պայքարում։ Իրական ժողովրդավարությունը պետք է լինի մասնակցային՝ բոլորի ներգրավմամբ․ դա կարող է լինել հայրենակիցներին աջակցելու կամավորական նախաձեռնություն, երթ որևէ նպատակի համար կամ էլ պարզապես քվեարկություն  ընտրատեղամասում։

Ժողովրդավարությունը հաջողություններ կունենա, եթե քաղաքացիները ներգրավված են ու մասնակցում են։ Ինձ համար ուրախալի է տեսնել, որ Հայաստանում շատ մարդիկ, հատկապես՝ երիտասարդները, ակտիվ են իրենց համայնքներում, մասնակցում ու իրենց ձայնը լսելի են դարձնում Հայաստանի ապագային առնչվող հարցերի շուրջ։

Եվ այսօր, երբ լրանում է Սյուզեն Բ․ Էնթոնիի ծննդյան 200-ամյակը շատ տեղին է հիշել նրա խոսքերը․ «Մարդիկ պայքարել են, որպեսզի դու այսօր ունենաս ընտրական իրավունք․ իրացրո՛ւ քո այդ իրավունքը»։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով