ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԳԵՂԵՑԻԿ ԲՆԱՇԽԱՐՀԸ․ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՇԱԲԱԹ

Գարունը տարվա առանձնահատուկ մի շրջան է, երբ հալվում է ողջ ձյունը, արևը սկսում է ջերմացնել, օդի ջերմաստիճանը բարձրանում է, բնությունը փթթում է և մարդիկ հայտնվում են դրսում՝ մի կողմ թողած ձմեռային վերարկուները։ Մաքուր օդն ու ծաղիկները ու էլի շատ բաներ մարդկանց գարնանը կանչում են դուրս, իսկ գարնանային զարթոնքը վայելելու լավագույն տեղը մեր ազգային պարկերն են։

Գարունը Միացյալ Նահանգներում նշանավորվում է նաև Ազգային պարկերի շաբաթով, որը մեկնարկեց կիրակի օրը՝ ապրիլի 18-ին։ Ազգային պարկերի շաբաթվա ընթացքում այցելուները ծանոթանում ու իրենց համար բացահայտում են ազգային պարկերի համակարգը և կամավոր հիմունքներով իրենց օգնությունն առաջարկում՝ միաժամանակ հնարավորություն ստանալով լինել Միացյալ Նահանգների այդ գեղատեսիլ վայրերում։

Քանի որ այս տարի աշխարհը մաքառում է գլոբալ համավարակի դեմ, Ազգային պարկերի շաբաթվա միջոցառումները հիմնականում վիրտուալ բնույթ են կրում։ Սոցիալական մեկուսացման ու հեռավորության պահանջները պահպանելու նպատակով մենք դիմում ենք տեխնոլոգիաների օգնությանը, որպեսզի վիրտուալ միջավայրում կարողանանք ծանոթանալ Ամերիկայի ամենասիրված զբոսաշրջային ուղղություններին։  Այո, այցելուները կարող են առանց իրենց տնից դուրս գալու այցելել Յոսեմիտիի տաք աղբյուրներ, զմայլվել Յելոուսթոնի գրանիտե գագաթներով և քայլարշավով անցնել Մեծ Կանիոնը։

Ազգային պարկերը դաշնային կառավարման տիրույթում են և ձևավորված է ազգային պարկերի ուրույն մի ցանց, որի կազմում ընդգրկված է 400 պարկ՝ երկրի բոլոր նահանգներից։ Ազգային պարկերի համակարգում ոչ միայն հայտնի պարկերն են, ինչպիսիք են՝ Յելոուսթոնը և Ռոքի Մաունթին ազգային պարկը, այլ նաև ազգային նշանակության մարտադաշտերը, պատմական վայրերը,  լողափերը և այլ վայրեր։

Տարածքները ազգային պարկ ճանաչելու ու դրանց պահպանության ու կառավարման համակարգը ձևավորվել է դեռևս 19-րդ դարի վերջում։ Յելոուսթոնը առաջին ազգային պարկն է, որը ձևավորվեց 1872թ․, երբ ԱՄՆ նախագահ Ուլիս Գրանտը ստորագրեց Յելոուսթոն ազգային պարկի պահպանության մասին օրենքը։

Ազգային պարկերի համակարգի կայացման հարցում առանցքային էր նաև նախագահ Թեոդոր Ռուզվելտի դերակատարումը։ Պահպանությանն ու կոնսերվացիային ուղղված հայեցակարգը պաշտպանելուց զատ նաև օրենսդրություն ստորագրեց, որով 5 ազգային պարկ ձևավորվեց։ Նա նաև ստեղծեց մի ծառայություն, որն այժմ հայտնի է որպես ԱՄՆ ձկների ու վայրի բնության ծառայություն։ Նա նաև առաջին նախագահն էր, որ ստեղծեց Թռչունների դաշնային արգելոցը։ Այս հիմքերի վրա այնուհետ նախագահ Վիլսոնը հաստատեց օրենսդրություն, որի հիման վրա 1916թ․ ձևավորվեց Ազգային պարկերի ծառայությունը։

Մի առիթով Թ․ Ռուզվելտն ասել է․ «Աշխարհում հազիվ թե գտնվի մի այլ վայր, որը ավելի գեղեցիկ կլինի, քան Յոսեմիտին, հաստաբուն սեքվոյաներով ու կարմիր ծառերով անտառները, Կոլորադոյի կիրճը, Յելոուսթոնի կիրճը, Տիտոնյան լեռնաշղթան իր երեք գագաթներով,  և մեր ժողովուրդը պետք է դրանք պահպանի մեր երեխաների, թոռների ու ծոռների համար՝ անխաթար պահելով այդ վայրերի վեհասքանչ գեղեցկությունը»։

Ուրախալի է տեսնել, որ Հայաստանը ևս միջոցներ է ձեռնարկում իր գեղեցիկ բնաշխարհը ապագա սերունդների համար պահպանելու նպատակով։ Այդօրինակ ջանքերի մի օրինակ է Խոսրովի արգելոցը, որը ես առիթ ունեցա այցելել անցած գարնանը։

Ամերիկայի ազգային պարկերի, վայրի բնության, կենդանական աշխարհի ու գեղատեսիլ բնության մասին ուշագրավ փաստեր ու հետաքրքիր տվյալներ կկարողանաք գտնել Ազգային պարկերի ծառայության Երկիր մոլորակի օրվան նվիրված տեղեկատվական արշավի շրջանակում այստեղ։

Բնությամբ հեռահար զմայլվելու համար նաև ներկայացնում եմ որոշ անձնական լուսանկարներ, որ արված են բնության գրկում՝ Վաշինգտոն նահանգի Մաունթ Ռայներ ազգային պարկում, ուր ես գնացել էի քրոջս և իր ընտանիքի հետ, ու նաև որոշ լուսանկարներ անցած տարի դեսպանատան գործընկերներիս հետ Խոսրովի արգելոց կատարած այցից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով