ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆԸ․ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ԱՐԿՏԻԿԱԿԱՆ ՆԱՎԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ

Երկրորդ աշխարհամարտում իրենց քաջ ու հերոսական ծառայությամբ աչքի են ընկել բազմաթիվ հայ զինծառայողներ․ միայն ԱՄՆ զինված ուժերում այդ տարիներին ծառայել է 20.000 հայ։ Կարդալով հայ զինծառայողների խիզախումների մասին՝ մտորում էի, թե ինչքան շատ ենք մենք պարտական մեր պապերին ու նախահայրերին։ Մենք շատ ենք կարդացել հայտնի ճակատամարտերի ու գեներալների մասին, սակայն պատերազմում հաղթանակ տանելու համար պահանջվել են շատ ու շատ մարդկանց հերոսական ջանքեր և միայն ամենահայտնի դեմքերի ջանքերը բավարար չէին։

2020թ․ մայիսի 14-ին նախագահ Թրամփը օրենք ստորագրեց, որով Կոնգրեսի ոսկե մեդալ է շնորհվում Ամերիկյան առևտրային նավերի նավաստիներին՝ 75 տարի առաջ Դաշնակիցների տարած հաղթանակում իրենց ունեցած ներդրման ու խիզախության համար։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին պատերազմին մասնակցող ամերիկյան զինուժի ամենամեծ թվով կորուստները եղել են նավաստիների շրջանում․ զոհվել է ամեն 26 նավաստուց մեկը։ Ներգրավված ենք եղել 250.000  նավաստիներ, որոնցից 8.300-ը զոհվել է, իսկ 12.000-ը՝ վիրավորվել։ Այս նավաստիներն իրապես քաջ էին և կարևոր ներդրում են ունեցել դաշնակիցների հաղթանակն ապահովելու հարցում։ Ամենավտանգավոր երթուղիներից մեկը Խորհրդային Միության զինված ուժերին ռազմամթերք ու տեխնիկա հասցնելու նպատակով դեպի Մուրմանսկ կատարվող նավարկություններն էին, ինչը նավաստիներն անվանում էին Մահվան նավարկություններ։ Մինչև պատերազմի ավարտն Արկտիկական նավարկությունների ընթացքում կործանվեց ավելի քան հարյուր նավ և զոհվեցին այդ նավերում ծառայող ավելի քան 3.000 նավաստի։

Հարոլդ Բոգիգյան, աղբյուրը՝ “Life in the Woodlands,” սեպտեմբեր 2019թ․

Ամերիկահայ Հարոլդ Բոգիգյանը նավաստի էր․ նա 18 տարեկանում ընդունվել էր ԱՄՆ նավատորմ և որպես ռադիստ աշխատանքի անցել  «Ջոն Ստիվենսոն» բեռնանավում։  Բոգիգյանը պատմում էր, որ բեռնանավերը դանդաղ էին առաջ ընթանում ու հեշտ թիրախ էին հակառակորդի համար, ուստի ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից ուղեկցում էր ապահովվում, և կցվում էին հրետանավորներ ու կապավորներ, իսկ նավերը զիգզագաձև էին շարժվում, որպեսզի գերմանացիները չբացահայտեին։ Մարտական գործողությունների մասին դրվագները Բոգիգյանը արձանագրում էր նավաստիների “Gun Crew News” թերթում։ Նա նաև պատմում էր, որ ամենավտանգավոր երթուղին, որ երբևէ անցել են, դա Մուրմանսկի ճանապարհն էր 1944թ․ ձմռանը։ Նավի հրամանատար Իշմայիլ Թոմաս Հիգսը նշում էր, որ Ռուսաստան ուղևորվելիս նավերի թիվը 60 էր, սակայն վերադարձան 22-ը։ Արկտիկական օվկիանոսով Մուրմանսկ գնալու ճանապարհին «Ջոն Ստիվենսոն» նավը ինն օր շարունակ  օկուպացված Նորվեգիայի ափերի մոտ  անընդհատ հետապնդման մեջ էր․ ներքևից սուզանավերի, իսկ վերևից՝ ռմբակոծիչների ու ռազմական ինքնաթիռների կողմից։ Նավն արտաքուստ սառույցի 30-35 սմ շերտով էր պատված, իսկ ջուրը անասելի սառն էր։ Երբ մեկը ջուրն էր ընկնում, դա արդեն վերջն էր, նրան նույնիսկ փրկելու փորձ չէին անում՝ հիշում է Բոգիգյանը։ Մուրմանսկ հասնելուց հետո մինչև ապրիլի 15-ը նավահանգստից դուրս գալ հնարավոր չեղավ․ սառույցը թույլ չէր տալիս։ Մուրմանսկում մնալու ժամանակահատվածում նավաստիներն իրական մշակութային շոկ ապրեցին՝ տեսնելով թե ինչպիսի ռեպրեսիվ համակարգ է գործում Խորհրդային Միությունում։ Նավահանգստում խստիվ հետևում էին, որ նավաստիներն իրենց հետ ամսագրեր կամ տեսախցիկներ քաղաք չտանեին, բայց Բոգիգյանը նաև նշում էր, որ մարդիկ լավ ու ընկերաբար էին տրամադրված և գիտեին, որ նավաստիները արտաքին աշխարհից օգնություն են հասցրել իրենց։

Նավաստիները գիտակցում էին, թե Գերմանիայի դեմ պայքարում ինչքան կարևոր էր այդ պաշարները Ռուսաստանի հյուսիս հասցնելը, ու նրանք՝ ի հեճուկս դժվարությունների, դուրս էին եկել նավարկության, որը Չերչիլը բնորոշում էր որպես «աշխարհի ամենադժվար նավարկություն»։  Երբ 1941թ․ հունիսի 22-ին Գերմանիան ներխուժեց Խորհրդային Միություն, մեկ օրում կարողացավ շարքից հանել ավելի քան 1.000 ինքնաթիռ։ Հունիսի 22-ի իր ելույթում Մեծ Բրիտանիայի վարչապետ Վինսթոն Չերչիլը նշեց, որ ինքը հետևողականորեն դեմ է եղել  կոմունիզմին, սակայն «նացիզմի դեմ պայքարող ցանկացած մարդ, ցանկացած պետություն, կստանա մեր աջակցությունը․․․ մենք հնարավոր ամեն բան անելու ենք օգնելու Ռուսաստանին և ռուս ժողովրդին»։ Մեծ Բրիտանիան ու Միացյալ Նահանգները գիտակցում էին, որ ֆաշիստական ռեժիմին պարտության մատնելու համար պետք է մեկտեղել ջանքերը Խորհրդային Միության հետ և դառնալ դաշնակիցներ։

Երկարատև արկտիկական ամառների ընթացքում նավերը օդային ու ստորջրյա հարձակումներից թաքնվելու որևէ հնարավորություն չունեին, իսկ արկտիկական ձմեռների ընթացքում պայքարում էին սառույցների ու սաստիկ ցուրտ եղանակի դեմ։ Այնուամենայնիվ, դաշնակից ուժերի արկտիկական նավափոխադրումները,  որոնք կազմակերպվում էին ռազմանավերի ուղեկցությամբ, իրականացվեցին՝ 1941-1945թթ․ ընթացքում տեղափոխելով չորս միլիոն տոննա  պարեն ու զինամթերք ։ Բեռները ներառում էին տանկեր, ինքնաթիռներ, բեռնատարներ, տրակտորներ, հեռախոսային մալուխներ, երկաթուղային շարժիչներ և այլն։ Երբ նավերի առաջին շարասյունը կամ քարավանը հասավ Մուրմանսկ, այդ պահից ի վեր արկտիկական գոտին դարձավ Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտի ծովային  պատերազմի հիմնական թատերաբեմը։ Դաշնակիցների նավափոխադրումներին պատերազմի տարիներին մասնակցել են ավելի քան 40 երկիր, իսկ ուղեկցումն ապահովվել է մեկ տասնյակից ավել ռազմածովային ուժերի կողմից, այդ թվում՝ ԱՄՆ ռազմածովային ուժեր, Մեծ Բրիտանիայի արքայական նավատորմ, Խորհրդային Միության նավատորմ՝ արևելյան հատվածում, ինչպես նաև Ֆրանսիայի ու Լեհաստանի ռազմածովային ուժեր։

Երկրորդ աշխարհամարտում կործանված նավերն ըստ երկրների, 1941-45թթ․

ԱՄՆ՝47 ռազմանավ և  292 բեռնանավՆիդեռլանդներ՝1 ռազմանավ և 5 բեռնանավ
Մեծ Բրիտանիա՝36 ռազմանավ և 184 բեռնանավՀոնդուրաս՝2 բեռնանավ
Խորհրդային Միություն՝11 ռազմանավ և 56 բեռնանավԲելգիա՝1 բեռնանավ
Պանամայի դրոշով նավարկող բազմազգ անձնակազմով՝8 ռազմանավ և 29 բեռնանավԼեհաստան1 բեռնանավ
Նորվեգիա՝11 ռազմանավ
ԸՆԴԱՄԵՆԸ՝ 581 նավ

Խորհրդային Միությունը 1941թ․ երկրորդ կեսին կորցրեց իր տանկերի շուրջ կեսը և նոյեմբերի վերջին Մոսկվան պաշտպանելու համար ուներ ընդամենը 670 տանկ, որից 205-ը ծանր ու միջին տանկեր էին։ Դեկտեմբերի սկզբին Մոսկվայից դուրս գտնվող տանկերի 30-40%-ը անգլիական տանկերն էին, որոնք մայրաքաղաքի պաշտպանության ու Խորհրդային Միության պատերազմական գործողություններում էական նշանակություն ունեին։ Շուտով Խորհրդային Միության զինված ուժերին հասցվեցին նաև ամերիկյան տանկեր, ինչպես նաև ինքնաթիռներ, ինչն էլ օգնեց պաշտպանել Լադոգա լճի «կենսական ճանապարհը», որով 1941-42թթ․ ձմռանը բեռներ էին փոխադրում պաշարման մեջ գտնվող Լենինգրադ։

Բեռնատարը շարժվում է սառած Լադոգա լճի վրայով․ այս ուղին ստացել էր «կենսական ճանապարհ» անվանումը։ Պաշարման ձմեռային ամիսներին սառած լիճը թույլ էր տալիս Լենինգրադ հասցնել, պարեն, ռազմամթերք ու վառելիք ու նաև այս ճանապարհով տարհանվում էին երեխաները, տարեցներն ու վիրավորները։ Աղբյուրը՝ RFE/RL, լուսանկարը՝ ՏԱՍՍ-ի

1941-45թթ․ Միացյալ Նահանգները նաև մեծ քանակությամբ սննդամթերք ուղարկեց Խորհրդային Միություն, ինչը ևս կարևորագույն նշանակություն ուներ պատերազմական ջանքերի համար։ Ուշագրավ են Խորհրդային Միության արտաքին առևտրի ժողովրդական կոմիսար Անաստաս Միկոյանի դիտարկումները․  «Պատկերացրեք, որ բանակը լավ զինված է, լավ պատրաստված, բայց զինվորները թերսնված են կամ ավելի վատ վիճակում։ Ի՞նչ կլինի այդ զինվորներին, — հարցնում է նա, ապա շարունակում, — երբ մեր երկիրը սկսեց ստանալ ամերիկյան շոգեխաշած մսի պահածոն, մարգարինը, ձվի փոշին, ալյուրը և այլ մթերքներ, մեր զինվորները միանգամից հավելյալ կալորիաներ ստացան: Եվ ոչ միայն զինվորները. որոշ բան էլ թիկունքին տրվեց»: Պատերազմն ավարտվելուց հետո մարշալ Գեորգի Ժուկովն ասել էր․ «Ամերիկացիները մեզ այնքան շատ բան տվեցին․ առանց դրա մենք չէին կարողանա համալրել մեր պաշարներն ու շարունակել պատերազմը․․․ Մենք չունեիք պայթուցիկ նյութեր, վառոդ։ Մենք մեր ավտոմատները լիցքավորելու փամփուշտներ չունեինք։ Ամերիկացիներն իսկապես փրկեցին մեզ՝ ապահովելով պայթուցիկ նյութեր ու վառոդ։ Ու նաև մեծ քանակությամբ պողպատյա թիթեղ ապահովեցին, առանց որի մենք չէին կարողանա մեր տանկերն արտադրել․․․ Իսկ առանց ամերիկյան բեռնատարների մենք ի վիճակի չէինք լինի տեղաշարժել մեր հրետանին»։ Անաստաս Միկոյանի հաշվարկներով, առանց Դաշնակիցների օգնության Գերմանիայի դեմ պատերազմը կշարունակվեր ևս 1,5-2  տարի։

 

Միացյալ Նահանգներից Խորհրդային Միություն առաքված ապրանքները 1941-45թթ․

14․795 ինքնաթիռ4 միլիոն տոննա սննդամթերք, այդ թվում՝
471․257 բեռնատար, ջիփ, տրակտոր և մոտոցիկլ1տոննայից ավել հատիկեղեն
11․155 երկաթուղային վագոն0,79 միլիոն տոննա մսամթերք
1․981 լոկոմոտիվային շարժակազմ0,6 միլիոն տոննա կենդանական յուղ
345․000 տոննայից ավել զինամթերք ու տրոտիլ0,5 միլիոն տոննա բուսայուղ
շոգեքարշեր, ինքնաձիգներ, գնդացիրներ, հեռախոսային մալուխներ, ռացիաներ,  ճտքավոր կոշիկներ, մետաղաթիթեղ, յուղ և այլ պարագաներ0,6 միլիոն տոննա շաքար

 

Աղբյուրը՝ ՌԻԱ նովոստի

Առանցքի ուժերի կամ հիտլերյան դաշինքի պարտությունը դա դաշնակիցների համատեղ հաղթանակն էր, որ հնարավոր եղավ Դաշնակից երկրների ու այդ երկրների ժողովուրդների՝ հայերի, ամերիկացիների ու մյուսների սերտ համագործակցության ու անձնուրացության շնորհիվ՝ լինեն նրանք զինվորներ, նավաստիներ, թե թիկունքի աշխատողներ։ Եթե ցանկանում ենք ավելին իմանալ Մուրմանսկի նավարկության քաջարի նավաստիների արարքների մասին, ապա կան մասնակից ամերիկացի նավաստիների հուշագրություններ, որոնցից մի քանիսը թարգմանված են նաև ռուսերեն։ Ահա դրանցից մի քանիսը․

 

Եվ վերջում, ուզում եմ ձեզ ներկայացնել Արկտիկական նավարկության մասնակից երեք ամերիկացու լուսանկար, որոնք «Երկրորդ աշխարհամարտի տարիների Արկտիկական նավարկությունների ընթացքում հանդես բերած անձնական խիզախումի ու արիության համար» Ռուսաստանի կառավարության կողմից պարգևատրվել են Ուշակովի անվան մեդալով։ Ստորև լուսանկարներում դուք կտեսնեք Ռիչարդ Լոուին (կրծքին Ռուսաստանի կառավարության շնորհած մեդալն է, լուսանկարը՝ Բիրմինգհեմ Նյուզ/Հալ Յիգեր), Քեն Քիթենջերին և Վիլյամ Հահնին (96տ․, Երկրորդ աշխարհամարտի ծառայել է «Ալաբամա» նավում, լուսանկարը՝ Հեյլեյ Վայսգերբերի)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով