Շնորհավո՛ր Անկախության տոնդ, Ամերիկա՛։

Հուլիսի 4-ին մենք տոնեցինք Միացյալ Նահանգների անկախության 244-ամյակը և այդ առիթով ստացել ենք բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ, ինչի համար անչափ շնորհակալ եմ բոլորին։  Սիրով ձեզ եմ ներկայացնում իմ տոնական ուղերձի տեքստը, ինչպես նաև մեր վիրտուալ տոնակատարության հղումները։

Ողջունում եմ ԱՄՆ անկախության 244-րդ տարեդարձին նվիրված վիրտուալ տոնակատարության մեր բոլոր մասնակիցներին։ Օրվա ընթացքում մենք կներկայացնենք տեսանյութեր, որտեղ ուղերձներով հանդես կգան մեր կրթական ծրագրերի շրջանավարտներ, ինչպես նաև կառաջարկենք դիտել ամերիկյան երաժիշտների ու երաժշտախմբերի կատարումներ՝ նախորդ տարիներին Հայաստանում կազմակերպված համերգներից։ Իսկ ամենավերջում մեր շոուն կեզրափակենք հրավառությամբ։ Դե ինչ, շարունակեք հետևել մեզ ողջ օրվա ընթացքում։

Այժմ դժվարին ժամանակներ են, և մենք բոլորս պայքարում ենք նոր կորոնավիրուսի դեմ՝ ջանալով այնպես անել, որ մեր քաղաքացիները, մեր շրջապատի մարդիկ, մեր ընկերներն ու ազգականներն առողջ ու ապահով լինեն։ Երախտապարտ եմ արտգործնախարարին իր վիրտուալ ներկայության և տոնական ուղերձի համար։ Ջերմ բարեմաղթանքների համար շնորհակալություն եմ հայտնում  կառավարության, քաղաքացիական հասարակության մեր գործընկերներին, ԱՄՆ կառավարության կրթական ծրագրերի շրջանավարտներին, գործարար համայնքի ներկայացուցիչների և Հայաստանի քաղաքացիներին։ Ձեր ուղերձներն ընդգծում են  հայ-ամերիկյան հարաբերությունների ամրությունն ու լայն ընդգրկումը։ Մենք հպարտ ենք այս գործընկերությամբ և մեր ձեռքբերումներով, որոնք անգամ այս գլոբալ համավարակի օրերին աջակցում են ժողովրդի պահանջով կյանքի կոչվող բարեփոխումներին Հայաստանում։

Շատերի համար Հուլիսի 4-ն այն օրն է, երբ խնջույքներով, ելույթներով, տոնական տորթերով ու հրավառությամբ տոնում են ԱՄՆ Անկախությունը։ Ըստ էության, դա այդպես է, բայց տոնը շատ ավելին է։ Հուլիսի 4-ն այն օրն է, երբ մենք հիշում ենք այն իդեալները, որ դրվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնադրման հիմքում։ Սա այն օրն է, երբ ամերիկացիները վերստին պարտավորվում են շարունակել այն դժվարին աշխատանքը, որի շնորհիվ այդ սկզբունքները կգործեն երկրի բոլոր քաղաքացիների համար։ Մի առիթով առաջին տիկին Էլեոնոր Ռուզվելտն ասել է․ «Որպեսզի մեր իսկ հաջողությունն իրական լինի, այն պետք է նպաստի մյուսների հաջողությանը»։

Ամերիկյան ժողովրդավարության պատմությունը ոգեշնչող է ու նաև հավակնոտ։ 244 տարի առաջ այս օրը Անկախության հռչակագրով ամրագրվեցին ամերիկյան այս փորձարկումն առաջնորդող  «ակնհայտ» ճշմարտությունները․ դրանք են՝ բոլոր մարդիկ ստեղծվում են հավասար և ունեն կյանքի, ազատության և երջանկության ձգտելու իրավունք։ Մի քանի տարի անց Միացյալ Նահանգների սահմանադրությամբ ամրագրվեցին մարդկանց հիմնարար իրավունքները, որոնք պետք է երաշխավորի պետությունը՝ ձգտելով «առավել կատարյալ միության»։ Այս սկզբունքներն ու իրավունքները լայն արձագանք գտան նաև Միացյալ Նահանգներից դուրս՝ ծառայելով որպես ուղենիշ մի աշխարհի, որ արժի կառուցել ու որպես մշտական հիշեցում այն արժեքների մասին, որոնց ձգտում ենք բոլորս։

Ամերիկյան ժողովրդավարության պատմությունը սկզբունքների  շուրջ է, բայց այն նաև պայքար է՝ միտված հավասար իրավունքների ու արդարության երաշխավորմանը բոլոր ամերիկացիների համար։ Այս նպատակներին հետամուտ լինելիս եղել են նաև սայթաքումներ։ Այս տարի Անկախության տոնը ստվերվել է Ջորջ Ֆլոյդի ու այլ աֆրոամերիկացիների անիմաստ սպանությամբ և այս ամենի  ֆոնին տեղի են ունենում բազմաթիվ առավելապես խաղաղ ցույցեր՝ պահանջելով վերջ դնել համակարգային ռասիզմին։ Տոնելով ամերիկյան անկախության 244-րդ տարեդարձը պետք է հիշենք, որ երկրի հիմնադրման շրջանում ավելի քան կես միլիոն մարդկանց ստրկացման հետևանքով մենք ժառանգել ենք ռասայական խտրականության դառը և տևական պատմություն։

Այս սոսկալի մնացուկի դեմ մաքառելու ամերիկյան պատմությունը, երբ մենք ինքներս մեզնից ու մեր կառավարությունից պահանջել ենք հավատարմություն մեր իդեալներին ու բոլորի համար հավասար իրավունքների ու արդարության երաշխավորման սկզբունքին, լի է պայքարի ու առաջընթացի բազում դրվագներով։ Հայտնի պետական գործիչ և աբոլիցիոնիստ Ֆրեդերիկ Դուգլասը հստակ ձևակերպել է․ «Եթե չկա պայքար, չկա նաև առաջընթաց։ Առանց պահանջի իշխանությունը ոչինչ չի զիջում։ Երբեք այդպիսի բան չի եղել ու չի լինի»։

Այժմ՝ 2020թ․-ին հստակ է, որ բոլոր ամերիկացիներին հավասար իրավունքների ու հավասար վերաբերմունք ապահովելու խոստումը պահելուն ուղղված պայքարը դեռևս չի ավարտվել։ Դեռ անելիք ունենք մեր Սահմանադրությամբ ամրագրված «առավել կատարյալ միությունը» դառնալու համար։ Ժողովրդավարական հասարակարգում սա բոլոր քաղաքացիների պարտքն է, «մենք՝ ժողովուրդը» պետք է գործի։ Աշխարհի ցանկացած վայրում ժողովրդավարական հասարակությունում յուրաքանչյուր ոք՝ թե՛ մեծ, թե՛ փոքր պարտավոր է մասնակցել, իր ձայնն օգտագործել, ձգտել դեպի ավելի լավը և  քայլեր ձեռնարկել։ Մենք տեսանք, իհարկե, թե ինչպես հայ ժողովուրդը երկու տարի առաջ կատարեց իր այս պարտավորությունը՝ խաղաղ դուրս գալով փողոց և պահանջելով կառավարությանը հաշվետու լինել։ Իսկ այսօր մենք աջակցում ենք նրանց ձգտումներին, երբ Հայաստանում շարունակում են երկրի ժողովրդավարական ուղին կերտելու կենսական նշանակության աշխատանքները։

Միացյալ Նահանգներում մեր բախտը բերել է, քանզի ամերիկացիները սերնդեսերունդ մշտապես հանդես են բերել «առավել կատարյալ միություն» կառուցելու պարտավորությունն իրենց ուսերին կրելու պատրաստակամություն։ Քաղաքացիական իրավունքների շարժման հերոսուհի  Ռոզա Փարքսը շատ դիպուկ նկատել է․ «Մենք այստեղ ենք՝ Երկիր մոլորակում, որպեսզի ապրենք, զարգանանք, և անենք ամեն ինչ աշխարհը դարձնելու ավելի լավը, որպեսզի ազատության պարգևը վայելեն բոլորը»։ Սրանք խոսքեր են, որոնցով մենք այսօր՝ ԱՄՆ անկախության 244-րդ տարեդարձին, կարող ենք վերահաստատել, որ պատրաստ ենք պահպանել և ավելի կատարյալ կերպով իրացնել ժողովրդավարության հիմնարար իդեալը, այն է՝ բոլոր մարդիկ ստեղծվում են հավասար և ունեն կյանքի, ազատության և երջանկության ձգտելու իրավունք։

Եզրափակելով խոսքս՝ Անկախության տոնի առթիվ շնորհավորում են ԱՄՆ քաղաքացիներին և հայաստանյան մեր բարեկամներին ու գործընկերներին, որոնք այսօր մեզ հետ միասին տոնում են այդ օրը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով