Կանանց ընտրական իրավունքի 100 տարին

2020թ․ ընտրական տարի է, և այս տարի քաղաքացիներն իրենց քվեն տալու են այն մարդկանց, որոնք ներկայացնելու են իրենց, իրենց շահերը և իրենց համայնքները։ Այս ամիսը ԱՄՆ պատմության մեջ առանձնանում է ընտրական գործընթացներին առնչվող մի նշանակալի իրադարձությամբ, այն է՝ Սահմանադրության 19-րդ լրացումը, որով սահմանվեց կանանց ընտրական իրավունքը։ Այս տարի լրանում է այդ շրջադարձային իրադարձության 100  տարին։ Փետրվարյան իմ բլոգում ես անդրադարձ էի կատարել ընտրական իրավունքների ուղղությամբ Միացյալ Նահանգների անցած երկար ճանապարհին (փետրվարյան բլոգը կարող եք ընթերցել  այստեղ), իսկ այսօր ուզում եմ ավելի հանգամանալիորեն խոսել կանանց ընտրական իրավունքի մասին։

Բնակվելով ԱՄՆ սահմաններից դուրս՝ ես, որպես ԱՄՆ քաղաքացի, հաճախ ընտրություններին մասնակցում եմ  երկրից բացակայող ընտրողների համար սահմանված կարգի համաձայն, որը թույլ է տալիս ընտրողի քվեն ուղարկել փոստով։ Ամեն մի նահանգ սահմանում է բացակա ընտրողների մասնակցության իր պահանջները․ որոշ նահանգներ լրացված քվեաթերթիկն ընդունում են էլեկտրոնային տարբերակով, որոշները պահանջում են ուղարկել փոստով։ Ուստի, երկրից բացակայող ԱՄՆ քաղաքացիներն ընտրական տարվա սկզբում պետք է անպայման ճշտեն այս պահանջները, որպեսզի մեր քվեն անպայման տեղ հասնի ու հաշվի առնվի։

Ողջունելի է, որ բացակա ընտրողների համար գործում է նման հնարավորություն, սակայն, երբ հնարավոր է, ես նախընտրում եմ այլ ընտրողների հետ մեկտեղ այցելել ընտրական տեղամաս և կատարել իմ պարտքը որպես ժողովրդավար երկրի քաղաքացի։ Փետրվարին ես կարողացա անձամբ մասնակցել Օհայո նահանգի նախնական ընտրություններին։ Ընտրելուց հետո տեղամասում «Ես արդեն քվեարկել եմ» գրառմամբ թերթիկներ են տալիս, որը մի տեսակ տրամադրություն է ստեղծում և հիշեցնում մյուսներին, որ քվեարկելու ժամանակն է եկել։  Ես արդեն տարիներ շարունակ մասնակցում եմ ընտրությունների, սակայն ամեն անգամ սրտի թրթիռով եմ մասնակցում, քանի որ իմ ձայնը որոշիչ է իմ համայնքի, նահանգի, երկրի համար։

Միացյալ Նահանգներում և այլ ժողովրդավարական երկրներում ընտրական իրավունքը քաղաքացուն տրված ամենամեծ արտոնությունն է,  իսկ դրա կիրառումը քաղաքացու ամենակարևոր պարտականությունն է։ 2018թ․ Թավշյա հեղափոխությանը հաջորդած ազատ ու արդար ընտրություններում Հայաստանի քաղաքացիներն իրացրեցին իրենց այս իրավունքը և կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը։

Այնուհանդերձ, աշխարհում դեռևս շատ երկրներ կան, որտեղ ընտրական իրավունքը երաշխավորված ու ապահովված չէ բոլոր քաղաքացիների համար։ Այժմ Միացյալ Նահանգներում 18 տարին լրացած բոլոր անձինք ունեն ընտրական իրավունք, սակայն միշտ չէ, որ այդպես է եղել։ Երկրի հիմնադրման ժամանակահատվածում ժողովրդավարական մասնակցության այս ձևը վերապահված չէր բոլորին, այդ թվում՝ կանանց։

Կանայք լուրջ պայքար են ծավալել ընտրական իրավունքի համար։ Այդ պայքարը սկիզբ առավ 1800-ականների սկզբին, սակայն շարժումը համազգային ուշադրության արժանացավ միայն 1848թ․ Սենեկա Ֆոլզում տեղի ունեցած կանանց համաժողովից հետո։ Դա կանանց իրավունքներին առնչվող առաջին համաժողովն էր ԱՄՆ-ում, իսկ հետագա տասնամյակների ընթացքում կանանց ընտրական իրավունքների շարժումը բողոքի խաղաղ ակցիաների, ցույցերի, քաղաքական ճնշումների ու շահապաշտպան գործունեության միջոցով ծավալվում էր ԱՄՆ առանձին նահանգներում և կոնգրեսում։

1920թ․ այս շարժումն ի վերջո կարողացավ հասնել իր նպատակին։

ԱՄՆ Սահմանադրության մեջ լրացում կատարելու համար լրացումը պետք է նախ ընդունվի Կոնգրեսի կողմից, ապա վավերացվի կամ դրա օգտին պետք է քվեարկեն նահանգների առնվազն երեք քառորդը։ 1920թ․ օգոստոսի 18-ին լրացումը վավերացվեց Թեննեսի նահանգի կողմից, որն էլ դարձավ լրացումը վավերացրած 36-րդ նահանգը։ Դրանով հաղթահարվեց երեք քառորդի շեմը և փաստացի երաշխավորվեց կանանց ընտրական իրավունքը։

19-րդ լրացումը կոնգրեսին սկզբնապես ներկայացվել էր 1878թ․, սակայն վավերացվեց միայն 1920թ․։ 19-րդ լրացումն հռչակում էր, որ «Միացյալ Նահանգներում քաղաքացու ընտրելու իրավունքը Միացյալ Նահանգների կամ որևէ նահանգի կողմից չի կարող մերժվել կամ սահմանափակվել՝ պայմանավորված քաղաքացու սեռով»։

Այս հարյուրամյա հոբելյանը հիշեցում է բոլորիս առ այն, որ ժողովրդավարությունը ենթադրում է  անընդմեջ աշխատանք ու զարգացում։ Սա նաև առիթ է մտորելու ժողովրդավարական հասարակարգում պայքարի շնորհիվ ձեռք բերած քաղաքացիական իրավունքների՝ հատկապես  մասնակցության, ձայնը լսելի դարձնելու և ընտրելու իրավունքների և դրանք իրացնելու քաղաքացիների պարտավորության մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով