ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՕՐԸ ԵՒ ԳԼՈԲԱԼ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այսօր Երկիր մոլորակի օրն է։ Սա նշանակալի օր է, և աշխարհն այն արդեն նշում է 51 տարի։ Ըստ հաշվարկների ամեն տարի Երկիր մոլորակի օրվա հետ կապված տարաբնույթ միջոցառումներին մասնակցում է շուրջ մեկ միլիարդ մարդ։ Նման մեծ մասնակցությունը հստակ ազդակ է, որ մարդիկ գիտակցում են բնապահպանական կարևորագույն խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը։  Հայերն ու ամերիկացիներն էլ ամեն տարի այս օրը համայնքներում իրականացնում են ծառատունկի, մաքրության աշխատանքներ կամ էլ պարզապես մեկ անգամ ևս խորհում են բնության առատ շնորհների մասին։ Մեր շրջակա միջավայրը բարելավելուն ուղղված  Երկիր մոլորակի օրվա նախաձեռնություններն ու մեր համատեղ ջանքերի հաջողությունը մեծապես պայմանավորված է համայնքային օղակում շարքային քաղաքացիների ներգրավվածությամբ։ Երբ խոսք է գնում Երկիր մոլորակի օրվա  ու մեր շրջակա միջավայրի պահպանության մասին, առաջինը մտքիս է գալիս այս իմաստուն միտքը՝ մտածի՛ր գլոբալ, գործի՛ր տեղում։

 

Այս տարի Երկիր մոլորակի օրվա առթիվ մենք դիտարկում ենք մոլորակը պահպանելու ու մեր շրջակա միջավայրը վերականգնելու հավակնոտ քայլեր։ Իհարկե, հավակնությունների հետ մեկտեղ պետք է լինեն առաջնորդողներ։

Երդմնակալության իր ելույթում նախագահ Բայդենը նշեց․ «Մենք կնորոգենք մեր դաշինքներն ու կրկին կգործակցենք աշխարհի հետ՝ նպատակ ունենալով պայքարել մարտահրավերների դեմ, սակայն ոչ թե անցյալ, այլ ներկա ու ապագա մարտահրավերների դեմ։ Եւ մենք կառաջնորդենք ոչ միայն մեր ուժի օրինակով, այլ նաև մեր օրինակի ուժով։ Մենք կլինենք ամուր ու վստահելի գործընկեր՝ ի շահ խաղաղության, առաջընթացի ու անվտանգության»։ Նախագահ Բայդենն այս ելույթից հետո արդեն ձեռնամուխ է եղել մի շարք գործողությունների, որոնցով Միացյալ Նահանգները լծվել է այսօր մեր առաջ ծառացած բնապահպանական մարտահրավերների հաղթահարման գործին։

Այդ գործողությունները միտված են նախանշված հավակնոտ թիրախներին։ Ի դեմս Վարչակազմի Միացյալ Նահանգները նպատակադրված է ապահովել ԱՄՆ հողերի ու ջրերի առնվազն 30 տոկոս կոնսերվացում մինչև 2030թ․, և մենք խրախուսում ենք, որ նման նպատակ իրենց առաջ դնեն բոլոր երկրները։ Միացյալ Նահանգները նաև պլանավորում է մինչև 2035թ․ էներգետիկ ոլորտում բացառել ածխածնային աղտոտումը, մինչև 2050թ․ ապահովել արտանետումների զուտ զրոյական մակարդակ տնտեսության մեջ և կտրուկ բարելավել թափոնների կառավարումը և ջրի ու էներգիայի խնայողական օգտագործումը։

Կլիմայի փոփոխությանն առնչվող գործողությունները ներառված են մեր արտաքին քաղաքականության, դիվանագիտության և ազգային անվտանգության օրակարգերում։ Մենք ներգրավված ենք կլիմայի փոփոխության հետ կապված բազմաբնույթ աշխատանքներում, այդ թվում՝ արտանետումների թիրախային պահանջների բավարարմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներ Փարիզի համաձայնագրի շրջանակում, կլիմայական հարցերի հետ կապված ֆինանսական պլանի ստեղծում և Կլիմայի փոփոխության հարցերով երկրների ղեկավարների վեհաժողովի անցկացում, որն այս տարի համընկնում է Երկիր մոլորակի օրվա հետ։ Այս վեհաժողովը կարևոր նախընթաց քայլ է նոյեմբերին Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների հարցերով համաժողովից առաջ։ Վեհաժողովը նպատակ ունի աշխարհի խոշոր տնտեսություն ունեցող երկրների մակարդակով հետամուտ լինել կարևորագույն քայլերի, որոնք թույլ կտան գլոբալ տաքացումը պահել մինչև 1,5  աստիճան Ցելսիուսի սահմաններում։  Բոլորին առաջարկում եմ հետևել Վեհաժողովի ընթացքին։ Կլիմայի հետ կապված հարցերի ու կլիմայի փոփոխության մասին կարևոր տեղեկություններ կարող եք գտնել www.climate.gov կայքում։

Երկիր մոլորակի օրը սակայն սոսկ կլիմայի հետ կապված հարցերին չի առնչվում, կան բազմաթիվ այլ բնապահպանական հարցեր, որոնք ուշադրություն են պահանջում։ Ավելին, շատ հարցեր կան, որտեղ մեզնից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ՝ ապահովելով դրական տեղաշարժեր անհատների ու համայնքների համար։  Միասին մենք կարող ենք պայքարել այն երևույթների դեմ, որոնք վտանգում են մեր մոլորակը․ օրինակ՝ մենք կարող ենք թույլ չտալ օդի, ջրի աղտոտման, կարող ենք կրճատել պլաստիկ թափոնները, պահպանել բնական էկոհամակարգերը, պահպանել ու վերականգնել անտառները, խթանել շրջակա միջավայրի համար անվնաս գյուղատնտեսական ու ձկնաբուծական գործելակերպերը, թույլ չտալ անօրինական անտառահատումներ, արդյունահանումներ, ձկնորսություն և պայքարել վայրի կենդանիների ապօրինի առևտրի դեմ։

Միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և այլ երկրների կառավարությունների հետ աշխատելու հնարավորությունն իրական առաջընթաց արձանագրելու ճանապարհին նոր լիցքեր է հաղորդում բոլորիս։ Այսպիսի աշխատանքներ կատարվում են ամեն օր ու ողջ աշխարհում, ու Հայաստանն անմասն չէ այս ամենից։ Ուղղակի նշեմ բնապահպանական հարցերի շուրջ Հայաստանի հետ մեր համագործակցության մեկ-երկու օրինակ։ Անցյալ տարի, Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ, մենք աջակցեցինք մի նախագծի, որն օգնում էր կարգավորել վայրի բույսերի հավաքման հետ կապված հարցերը Հայաստանում։ ԱՄՆ Անտառային ծառայությունն ուղղակիորեն աջակցել է Հայաստանի դպրոցներին, աշակերտներին, ուսուցիչներին՝ տեղանքի ճանաչողական նախագծերի միջոցով, որոնք նպաստում են կոնսերվացմանը և համայնքների տևական կենսունակության երաշխավորմանը։

Ի վերջո, կարևոր է նկատել, որ այս աշխատանքները հաջողության չեն կարող հասնել, եթե դրան չմասնակցի մեզնից յուրաքանչյուրը։ Երկիր մոլորակը պաշտպանելու ու վերականգնելու մեր ջանքերը Երկիր մոլորակի օրվա առթիվ ու հաջորդիվ կհաջողեն միայն բոլորիս ակտիվ մասնակցության շնորհիվ։ Այս տարի Երկիր մոլորակի օրվա առթիվ ուզում եմ կոչ անել բոլորին ձեռնարկել որևէ մի քայլ, որ մեր մոլորակը կդարձնի առավել դիմակայուն ու գեղեցիկ, որպեսզի բնության այն հրաշալիքները, որ մենք այսօր վայելում ենք, կարողանան վայելել նաև մեզնից հետո եկողները։  Օրվա առթիվ ձեր համայնքում մի հանրօգուտ աշխատանք կատարելով կամ ձեր շրջապատի մարդկանց ներկայացնելով բնապահպանական հարցերի կարևորությունը կամ էլ անձամբ ծանոթանալով ու խորամուխ լինելով այսօրվա բնապահպանական խնդիրներին, դուք ձեր ներդրումը կունենաք մեր մոլորակի առողջության երաշխավորման ու Երկիր մոլորակի օրվա հաջողության հարցում։ Դա կլինի տեղում ձեռնարկած ձեր քայլը գլոբալ հիմնահարցի լուծման ճանապարհին։ Մտածի՛ր գլոբալ, գործի՛ր տեղում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով